26/03/2015 13:29
Գոյություն ունի՞ կանանց և տղամարդկանց իրավահավասարություն Հայաստանում
Հայրենի Կառավարությունը վերջապես ուշադրություն դարձրեց կանանց և տղամարդկանց միջև առկա անհավասարությանը Հայաստանի Հանրապետությունում: Այդպես, գործադիրի նիստում այսօր հավանության արժանացավ «Կանանց և տղամարդկանց իրավահավասարության քաղաքականության» 2015 թ-ի միջոցառումների տարեկան ծրագիրը, որի հիմնավորում- տեղեկանքում նշված է հետևյալը.
«Արդի ժողովրդավարությունը հասարակությանն առաջադրում է բազմաթիվ հիմնախնդիրներ, որոնցից մեկն էլ կանանց և տղամարդկանց հավասարությունն է: Փորձագիտական դիտարկումները վկայում են, որ չնայած կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների ամրագրմանը ՀՀ Սահմանադրության մեջ (14.1 հոդված), և սեռի սկզբունքով խտրականության արգելքին` գործնականում Հայաստանի Հանրապետութունում պահպանվում է սեռի սկզբունքով թաքնված խտրականությունը և այսօր հայ հասարակության վերաբերմունքը կանանց նկատմամբ չի համապատասխանում միջազգային գործընթացների (ժողովրդավարության ամրապնդման, իրավական և սոցիալական պետության ստեղծման) ժամանակակից զարգացմանը»:
Գործադիրի մասնագետները վերջապես արձանագրել են նաև, որ Հայաստանը կանանց աղքատության մակարդակով և իշխանության մարմիններում ներկայացվածության թվաքանակով դեռևս ետ է մնում ոչ միայն Եվրոպայի, այլև աշխարհի շատ երկրներից: Տարբեր փորձագիտական ուսումնասիրություններ կանանց և տղամարդկանց իրավունքների և հնարավորությունների իրացման ոլորտում վկայում են, որ կանանց և տղամարդկանց անհավասարության հիմքը տնտեսական ոլորտում կանանց և տղամարդկանց անհավասար վիճակն է և հասարակության մեջ պահպանվող դերերի ավանդական ընկալումները: Այնպես որ ակնհայտ է, որ նման իրավիճակի փոփոխությունը հնարավոր է միայն հասարակության և նրա կառուցակարգերի վրա` երկարատև ազդեցություն գործող համալիր միջոցառումների իրականացման միջոցով:
Ըստ այդմ, առկա խնդիրները հաղթահարելու համար Կառավարությունն առաջարկում է համապատասխան քայլեր կատարել: Դրանք են`
• Կառավարման ոլորտում և որոշումների ընդունման մակարդակում,
• Սոցիալ-տնտեսական ոլորտում,
• Կրթության ոլորտում,
• Առողջապահության ոլորտում,
• Մշակույթի և հանրային տեղեկատվության ոլորտներում:
Առաջարկվող միջոցառումներն ուղղված են ազգային և տարածաշրջանային մակարդակներում հասարակական-քաղաքական, սոցիալական, տնտեսական և մշակութային կյանքի բոլոր ոլորտներում քաղաքականության մշակման մեջ և քաղաքական պրակտիկայում գենդերային բաղադրիչի ներառմանը:
Հավանության արժանացած նախագիծը ուղղված է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, բոլոր քաղաքացիների համար` անկախ սեռից, հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ձեռքբերմանը: Այն, ըստ հեղինակների, նպաստելու է հասարակական-քաղաքական և սոցիալ-տնտեսական կյանքի բոլոր ոլորտներում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ձեռքբերմանը:
Հարկ է նշել, որ նախագիծը նպատակուղղված է «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի, Պեկինի 4-րդ Համաշխարհային համաժողովի /1995թ./ հանձնարարականների, Եվրախորհրդի Կանանց և տղամարդկանց իրավահավասարության հանձնաժողովի փաստաթղթերի, ՄԱԿ-ի Հազարամյակի հռչակագրի պահանջների և Հայաստանի Հանրապետության միջազգային այլ փաստաթղթերով սահմանված պարտավորությունների կատարմանը: