26/03/2015 19:15
Էնֆիաջյան. Դիմումներ եմ ստացել եզդի ժողովրդի ցեղասպանությունը դատապարտելու վերաբերյալ
ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է.
«Այս օրերին մեծ հնչեղություն ստացած հարցերից էր Ազգային Ժողովի հայտարարության նախագիծը հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու վերաբերյալ:
Մարտի 23-26-ի քառօրյա նիստերի ընթացքում Ազգային Ժողովը քննարկեց և միաձայն ընդունեց «Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թվականներին իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» հայտարարության նախագիծը:
Հնչեցին նաև կողմ և դեմ կարծիքներ եզդի ժողովրդի ցեղասպանությունը դատապարտելու և այս նախագծում այն ընդգրկելու համար: Կատարված փաստերին առերեսումն ու պատշաճ գնահատական տալը նպաստելու է նման դեպքերի կրկնության բացառմանը:
Ցանկանում եմ իմ զորակցությունը հայտնել եզդի ժողովրդին կատարված պատմական դեպքերի առնչությամբ:
Որպես ցեղասպանություն տեսած ազգի ներկայացուցիչ՝ հասկանում և կիսում եմ ձեր ցավն ու վիշտը: Դեռ դարեր առաջ հայերը եզդի ժողովրդի հետ կերտել են լավ բարեկամական հարաբերություններ, և իզուր չէ, որ համարվում ենք եղբայրական ժողովուրդներ:
Հայաստանում ապրող եզդիական համայնքն իր ներդրումներն է ունեցել Հայաստանի զարգացման և առաջխաղացման գործում, փաստ է նաև եզդի ժողովրդի ակտիվ մասնակցությունն Արցախյան ազատամարտին: Վստահ եմ, որ երկու ժողովուրդների միջև լավ հարաբերությունները պահպանվում և գնալով ավելի են ամրանում՝ նպաստելով բարեկամության և փոխգործակցության ամրապնդմանը:
Հավելեմ, որ եզդիական համայնքի ներկայացուցիչներից արդեն բազմաթիվ դիմումներ եմ ստացել եզդի ժողովրդի ցեղասպանությունը օրենսդրական մակարդակով դատապարտելու վերաբերյալ:
Իմ լիազորության սահմաններում հետևողական եմ լինելու այս խնդրին լուծում տալու համար»,- նշել է պատգամավորը: