26/03/2015 16:13
Երեկ ԱԺ-ում տեղի ունեցածը թատերականացված շոու էր. Լևոն Զուրաբյան
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այսօր իր ելույթում անդրադարձավ երեկ ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանին, որակելով այն թատերական ներկայացում:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հնչեցին միայն գրավոր հարցումներ. պատգամավորներն իրենց հարցերը չկարողացան տալ կառավարության կազմին՝ ժամանակի սղության պատճառով:
«ԱԺ նիստը վերածվեց ՀՀԿ-ի խորհրդի հրապարակային նիստի»,- հայտարարեց Լ. Զուրաբյանը՝ հավելելով, որ դա հետապնդում էր մեկ նպատակ, այն է թե՝ ընդդիմությանը զրկել ժողովրդին հուզող հարցեր տալու հնարավորությունից:
«Իշխող կուսակցության ներկայացուցիչները կարդում էին նախապես գրված ու պատրաստված հարցեր: Ի դեպ՝ Սահմանադրության 80-րդ հոդվածով նախատեսված են գրավոր և բանավոր հարցեր, մինչդեռ՝ այն ինչ երեկ տեղի ունեցավ ԱԺ-ում, ըստ կանոնակարգի՝ դրանով խախտվեց Սահմանադրության մեր իրավունքը»,- նկատեց պատգամավորը:
Խոսելով պատճառներից՝ Լ. Զուրաբյանը հայտարերեց, թե Հայաստանում տնտեսության վիճակն այնքան աղետալի է, որ իշխանությունները ստիպված դիմում են նման «աննախադեպ» քայլերի: «Պատահական չէր, որ այս քառօրյայում անդրադարձա տնտեսության ողբալի վիճակին: Թվերն ահավոր են, աղետալի: Միայն գործազուրկների թիվն ավելացել է 19 տոկոսով»,- շարունակեց Լ. Զուրաբյանը՝ նկատելով, որ դրանք խոսում են տնտեսության անկման աղետալի տեմպերի մասին:
Նրա խոսքով՝ մեր տրանսֆերտները նվազել են, որը խոսում է մեր տնտեսության անկման չարիքի մասին: Իսկ դրա հիմքում, նրա համոզմամբ, ընկած է կոռուպցիոն ռեժիմը: «Քանի որ իշխանությունները չեն կարող վերահսկել արտահանման տեմպերը, իշխանությունն իր լծակները ստիպված կիրառում է ներքին շուկայում, ինչն էլ հանգեցնում է տնտեսության անկման»,- ասաց Լ. Զուրաբյանը: Ինչ վերաբերում է ներքին շուկային, ապա, պատգամավորի խոսքով, ամեն ինչ վաճառվում է անհամեմատ ավելի թանկ գներով, քան ներկրվում է իրականում:
«Սուրճը, շաքարավազը, խոզի, տավարի, հավի միսը, բուսական յուղը, ալյուրը, ցորենն ու այլ ապրանքատեսակներ վաճառվում են 100-250 տոկոսով ավելի բարձր, քան՝ պաշտոնապես ներկրվող գինն է սահմանված: Դա նշանակում է, որ ներկրողները ստանում են հսկայական գերշահույթներ: Ու թեև Շաբոյանը հայտարարում է, թե գերշահույթը չարաշահում չէ, այնուամենայնիվ՝ ցանկացած գրագետ տնտեսագետ կարող է հասկանալ, որ երկարատև գերշահույթը լինում է միայն մենաշնորհի արդյունքում»,- հայտարարեց պատգամավորը: