26/03/2015 13:50
Շուտով համաճարակի վտանգը կանցի. Նախարար
«Առաջիկա օրերին կարելի է արձանագրել, որ համաճարակի վտանգը անցել է»,- այսօր լրագրողներին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` խոսելով հանրապետությունում սուր շնչառական հիվանդությունների տարածվածության մասին:
«Սուր շնչառական հիվանդացությունների ընդհանուր թիվը նախորդ շաբաթ հասել էր 1900-ի, իսկ հոսպիտալացվածներինը՝ 602-ի, որից 599-ը եղել են 0-18 տարեկան երեխաներ»,- ասաց նախարարը և հավելեց, որ հիվանդացածների երեք քառորդը դպրոցականներ են եղել, որն էլ հիմք է հանդիսացել Կրթության և գիտության նախարարությանը առաջարկել` գարնանային դպրոցական արձակուդրները մեկ շաբաթ երկարացնել:
Արմեն Մուրադյանն անդրադարձավ նաև մանկապարտեզների փակվել-չփակվելուն, նշեց, որ հսկողություն է սահմանված և հանրապետությունում փակել են 7 մանկապարտեզ, որոնցից 5-ը Արագածոտնի մարզում, մեկը՝ Տավուշի մարզում, մյուսը՝ Վայոց ձորում:
«Փակվել են այն մանկապարտեզները, որտեղ հիվանդ երեխաների թիվը գերազանցել է ընդհանուր քանակի 25%-ը»,-ասաց ՀՀ առողջապահության նախարարը: