26/03/2015 13:07
Մ. Մելքումյան. Ժամանակն է, որ ոչ միայն ոչ իշխանական, այլև իշխանական դաշտում որոշումները փոխվեն
ԱԺ-ում ՏՄՊՊՀ 2015 թվականի ծրագրի քննարկման ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ այն բարձր մակարդակով է ընթանում: Պատգամավորը շեշտեց, որ ՏՄՊՊՀ-ին ԱԺ-ն թեև անդրադառնում է տարին երկու անգամ, սակայն ոլորտում դեռ անելիքները շատ են:
«Մենք ԱԺ տնտեսական մշտական հանձնաժողովում միշտ էլ քննարկում ենք այդ հարցերը: Իսկապես խորամուխ ենք լինում, որպեսզի որևէ խութ բաց չթողնենք, բայց այսօր էլ հարց է մնում՝ արդյոք հանձնաժողովով է պայմանավորված տնտեսական մրցակցության խնդիրները մեր երկրում»,- հայտարարեց պատգամավորը՝ հավելելով, որ այն հարցերը, որոնց մասին տարիների շարունակ բարձրաձայնվում է, այսօր էլ մնում են իբրև բաց խնդիր:
«Որ ասենք դրական փոփոխություններ չկան, դա սուտ կլինի, բայց որ ասենք արմատական փոփոխություններ են տեղի ունեցել, դա էլ սուտ կլինի: Երբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ստանձնում էր իր պաշտոնը, առաջին կանոնն այն էր, որ խաղալու ենք ազնիվ խաղի կանոններով, որոնք ուղղված էին լինելու ստվերի դեմ պայքարին ու մյուս խնդիրներին: Բայց այսօր էլ այդ խնդիրներից զերծ չենք»,- հավելեց Մ. Մելքումյանը:
Նրա խոսքով՝ մրցակցային խնդիրները Հայաստանում կարելի է բաժանել երկու մասի. խնդիրներ, որոնք կապված են Հայաստանի հետ և խնդիրներ, որոնք գալիս են դրսից, սակայն դրանք լուծելու համար անհրաժեշտ է նախևառաջ քաղաքական հավաքական կամք:
«Կան խնդիրներ, որոնք մեր երկրում են լուծում պահանջում: Պետք է հասականանք, որ այդ խնդիրների լուծումը քաղաքական, թե տնտեսական որոշումներ է պահանջում: Ես համոզված եմ՝ քաղաքական: Ինչ վերաբերում է արտաքին խնդիրներին, դրանք անշուշտ անուղղակի ազդեցություն ունենում են Հայաստանի տնտեսության վրա: Արտաքին հարցերը հիմնականում կախված են նավթի առևտրով: Տեսեք՝ որտեղից ուր ենք հասնում»,- հավելեց նա:
Շարունակելով իր խոսքը՝ ԲՀԿ պատգամավորն ընդգծեց, որ հասունացել է անկեղծ աշխատելու պահը. «Երբ քննարկում ենք այս և նման հարցերը, պետք է քննարկումների մեջ անկեծություն լինի: Եթե չլինի անկեղծություն, ապա հաջողություն չենք ունենա: Ուզում եմ ասել, որ հասունացել ու եկել է ժամանակը, որպեսզի ոչ միայն ոչ իշխանական, այլև իշխանական դաշտում ևս որոշումները փոխվեն: Եվ եթե իշխանության կողմից չփոխվի որևէ որոշում, մենք իսկապես չենք ունենա հաջողություն: Այո, միջգերատեսչական խնդիրները ևս մեծ նշանակություն ունեն այս ոլորտի խնդիրները բացահայտելու և կարգավորելու համար, բայց հավաքական աշխատանքը շատ ավելի կարևոր է: Պարոն Շաբոյան, դուք մասնակցում եք կառավարության նիստերին ու անպայման պետք է միջգերատեսչական աշխատանք կատարեք, բայց դեռ անելիքներ ունեք»,- եզրափակեց իր խոսքը Մ. Մելքումյանը: