26/03/2015 16:50
Այն, ինչ տեղի ունեցավ երեկ, կանոնակարգի խախտում չէր. Նաղդալյանը՝ Զուրաբյանին
ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն արձագանքելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանի՝ քիչ առաջ արված հայտարարությանը, թե երեկ կառավարության հետ հարցուպատասխանը ԱԺ-ում «թատերականացված շոու էր», հայտարարեց, թե նրա կողմից դա թյուրըմբռնում է:
«Ներկայացում, թատերականացված շոու, կամ որևէ այլ բառ, որ դուք քիչ առաջ օգտագործեցիք ձեր ելույթում, տեղին չէր: Այն ամենն, ինչ կատարվել է կառավարության հետ հարցուպատասխան նիստի ժամանակ, բացարձակապես համապատասխանում է կանոնակարգին: Որևէ խախտում այստեղ տեղի չի ունեցել»,- ասաց փոխխոսնակը:
Վերջինս ընդգծեց նաև, որ պատգամավորների գրավոր հարցերը բավականին շատ էին: «Այլ հարց է, եթե հարցնում եք, թե ինչո՞ւ էին դրանք շատ: Պետք է ասեմ՝ երբ կանոնակարգով ձեռք բերեցինք հնարավորություն, որ ընդդիմադիր խմբակցություններն ունենան գերակա իրավունք, մեծամասնության իրավունքները ոտնահարվեցին, և առաջացավ անհավասարություն: Հետևաբար, մեծամասության պատգամավորները սկսեցին գրավոր հարցեր կազմել: Իսկ ինչ տեղի ունեցավ երեկ, պետք է ասեմ, որ ոչ միայն մեծամասնության, այլև ընդդիմադիր պատգամավոքրներն են հնչեցրել իրենց գրավոր հարցերը»,- ասաց Նաղդալյանը:
Նախորդող հրապարակում՝ Երեկ ԱԺ-ում տեղի ունեցածը թատերականացված շոու էր. Լևոն Զուրաբյան