26/03/2015 16:00
Ճոճկանի պոչամբարը վթարվել է
Լոռու մարզից ահազանգ ստացվեց, որ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատին պատկանող Ճոճկանի պոչամբարը շատ վատ վիճակում է և վթարի է ենթարկվել` էական վնաս պատճառելով: Միաժամանակ Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը, չլուծելով պոչամբարի խնդիրները, ճնշումներ գործադրելով, նախատեսում է Մեծ Այրում և Ճոճկան համայնքներում նոր տարածք վերցնել և նոր պոչամբար կառուցել, ինչին կտրուկ դեմ են տեղի բնակիչները:
Մարտի 24-ին և 25-ին Ախթալայի շրջակայքը մոնիտորինգի է ենթարկել Երևանից մեկնած անկախ փորձագիտական խումբը: Փորձագիտական խմբի անդամ Սեյրան Մինասյանը կներկայացնի մոնիտորինգի նախնական արդյունքները, Մեծ Այրում համայնքի բնակիչների անունից հայտարարությամբ հանդես կգա Մեծ Այրում համայնքի ավագանու անդամ, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը:
Մամուլի ասուլիսը տեղի կունենա մարտի 27-ին` ժամը 12:00-ին, «ԷկոԼուր» մամուլի ակումբում (Հանրապետության 49, «Եվրոպա» հյուրանոցի դիմացի շենք, մուտքը բակի կողմից, առաջին հարկ, նախավերջին դուռ): Նյութը տեղադրված է ecolur.org կայքում: