26/03/2015 17:03
Խոսում եք անգրագիտությունից, բայց դուք եք ոչ պրոֆեսիոնալ. Վ. Բաղդասարյանը՝ ընդդիմությանը
Խմբակցության անունից ելույթ ունենալով՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն իր ելույթում ևս անդրադարձավ երեկվա կառավարության հետ հարցուպատասպանին և հայտարարեց, որ ուզում է Լ. Զուրաբյանին ու նրա ընդդիմադիր մյուս գորընկերներին հիշեցնել՝ 2012 թվականից մինչ օրս ՀՀԿ պատգամավորներին առիթ չի ընձեռվել մասնակից դառնալ այդ հարցուպատասխանին:
«Միշտ առաջնահերթությունը տրվել է ընդդիմադիր ուժերի 3-ական քաղաքական գործիչների: Այն քաղաքական գործիչները, ովքեր ուզում են կեղծ քաղաքական իմիջ հավաքել, անընդհատ իրենց կեղծ հարցերը հնչեցնում են բանավոր կերպով»,- հայտարարեց Վ. Բաղդասարյանը:
Անդրադառնալով ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի հասցեին հնչեցված մեղադրանքներին, և մասնավորապես ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի հայտարարություններին, Վ. Բաղդասարյանը ասաց. «Պարոն Զուրաբյան, դուք և ձեր որոշ քաղաքական գործընկերներ, խոսում եք անգրագիտությունից, բայց դուք եք ոչ պրոֆեսիոնալ, որովհետև չեք կարողանում տարբերել ծրագիրը հաշվետվությունից»:
Շարունակելով իր խոսքոը՝ Վ. Բաղդասարյանը նկատեց, որ նրանք այսօր եկել, ԱԺ-ում իբր հաշվետվություն են քննարկում, բայց այդ ելույթները միտումնավոր են հնչում: «Դրանք ուղղված էին անձերին: Դուք մոռանում եք, որ սա ծրագիր է, ոչ թե՝ հաշվետվություն, չնայած, որ դա էլ չեք քննարկում: Առաջարկություններ եղան միայն Այվազյանի, Մելքումյանի, ՕԵԿ խմբակցության կողմից, բայց այստեղ առանց առաջրկությունների, առանց քննարկումների դուք արդեն խոսում և դատապարտում եք հաշվետվությունը»,- ասաց պատգամավորը:
Դիմելով Ա. Շաբոյանին՝ նա նշեց, որ ընդդիմադիր պատգամավորները գուցե որպես «տանտեր» իրավունք ունեն նման հայտարարություններ անելու, բայց նա իրավունք չունի շեղվել իր մասնագիտական հմտություններից ու պարտավորություններից:
«Այդ գործը թողեք մեզ, մենք այդ պատասխանները կտանք: Պարոն Շաբոյան, կանոնակարգում ամրագրված ձեր պարտավորությունների վերաբերյալ այս ելույթ ունեցողները որևէ առաջարկ ներկայացրե՞լ են ձեզ: Եթե այո, խնդրում եմ դրանց անդրադառնալ, բայց պետք է ասեմ, որ քաղաքական ուժը հանձնաժողովին տվել է այն բոլոր գործառույթներն ու լծակները, որպեսզի դաշտը պահեք հսկողության տակ: Եվ եթե դուք գտնում եք, որ ունեք այլ գործառույթների անհրաժեշտություն, առաջարկներ ներկայացրեք»,- հավելեց պատգամավորը:
Ամփոփելով միտքը՝ Վ. Բաղդասարյանը շեշտեց, որ Ա. Շաբոյանից ուզում է իմանալ, թե սոցիալական 25 ապրանքատեսակների նկատմամբ արդյոք կատարվել են ուսումնասիրություններ, թե ոչ: «Իմ կարծիքով, դուք թերացել եք այդտեղ: Մյուսներին խնդրում եմ ձեռնպահ մնալ անձերից: Մենք էլ կարող ենք շատ բան օգտագործել ու հայտարարել»,- ասաց նա:
Նախորդող հրապարակումներ՝ Բագրատյանը՝ Շաբոյանին. Ձեր մարդիկ են գրել ձեռնարկը, գոնե թերթած կա՞ք
Երեկ ԱԺ-ում տեղի ունեցածը թատերականացված շոու էր. Լևոն Զուրաբյան