26/03/2015 16:37
Վետերանները շնորհակալ են կառավարությունից , բայց այլ ակնկալիքներ ևս ունեն
Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ գործադիրն իր այսօրվա նիստում որոշում է կայացրե Հայրենական մեծ պատերազմի 1100 վետերանների ամենամսյա պատվովճարի չափը 2015թ-ի մայիսի 1-ից 25 հազար դրամից բարձրացնել 50 հազար դրամի: Ավելին. թեև որոշման նախագծով նախատեսված էր պատվովճարի չափը սահմանել 40 հազար դրամ, սակայն վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է 70-ամյա հոբելյանի նախաշեմին, հաշվի առնելով Հայրենական մեծ պատերազմի վետերանների ծառայությունը երկրին, ամենամսյա պատվովճարը կրկնապատկել և հասցնել այն 50 հազար դրամի, ինչն էլ ընդունվել է առանց առարկության:
Aysor.am-ի հետ զրույցում Հայաստանի Վետերանների կոմիտեի նախագահ Պետրոս Պետրոսյանը այս կապակցությամբ նշեց, որ այս որոշումը շատ սպասված էր վետերանների կողմից և իսկապես մեծ ուրախություն է նրանց համար, ովքեր իրենց կյանքերի գնով ոչ միայն Խորհրդային միությունը, այլև Եվրոպան ազատել են ֆաշիզմի լծից.
«Մենք վաղուց սպասում էինք դրան և ուրախ ենք, որ ղեկավարությունը որոշեց օգնել մեր վետերաններին…. Մի հինգ տարի հետո հավանական է, որ վետերաններ այլևս չլինեն»,- ասաց նա` նշելով, որ Հայաստանում այսօր ապրում է 1100 վետերան, բայց ցավոք` ամեն ամիս նրանց թիվը պակասում է, քանի որ տարեցները հեռանում են կյանքից: Իսկ վետերանների կյանքը բավականին ծանր է, նրանց մեծամասնությունը սոցիալապես անապահով են, այնպես որ Կառավարության այս որոշումը նրանց խոր ծերության ուրախացնելու առիթ կհանդիսանա.
«Պետք է ամեն ինչ արվի` նրանց կյանքի վերջին տարիները գոնե փոքր-ինչ թեթևացնելու համար»:
Պ. Պետրոսյանը նշեց, որ կառավարությունից այլ ակնկալիքներ ևս ունեն, և այսօր հենց ՀՀ վարչապետի մոտ կայանալու է խորհրդակցություն իրենց մասնակցությամբ.
«Ես և վետերանները հույս ունենք, որ մեր կառավարությունը Հայրենական պատերազմի ակտիվ մասնակից վետերանների համար վերջապես կզեղչեն կոմունալ ծախսերը` գազը, ջուրը, էլէեկտրաէներգիան: Ճիշտ է, մենք ամեն ամիս այդ ծառայությունների համար ստանում ենք 7500 դրամ փոխհատուցում, բայց ավելի լավ է մենք դա չստանանք, բայց մեզ համար զեղչվեն այս ծախսերը: Եթե դա էլ լինի` շատ լավ կլինի»,- ասաց մեր զրուցակիցը` պարզաբանելով, որ այդ առաջարկով բազմիցս դիմել են կառավարությանը, այնպես որ ամենամեծ ակնկալիքը ներկայումս գործադիրից հենց դրան դրական արձագանք ստանալն է: