26/03/2015 14:21
Ն. Փաշինյանը` Շաբոյանին. Խորհուրդ կտամ ձեզ ոտի տակ չընկնել
«Երեկ, երբ ես հայտարարեցի, որ Հայաստանում շաքարավազի գինը 395 դրամ է, Արտակ Շաբոյանն անմիջապես հակադարձեց, թե «Երևան Սիթիում» շաքարավազը վաճառվում է 369 դրամով: Պարոն Շաբոյան, լավ ա չասացիք` «Երևան Սիթի»` ամենացածր գները տարածաշրջանում` գումարած երեք հատ անվճար լավաշ: Հարգելի քաղաքացիներ, չմոռանաք ձեզ հետ բերել ձեր անձնագրերը»,- քիչ առաջ ԱԺ ամբիոնից հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` ձայնին գովազդային հոլովակ ընթերցելու տոնայնություն հաղորդելով:
Նրա խոսքով` եթե Ա. Շաբոյանը հենց այդպես հայտարարեր, ապա ավելի անկեղծ կլիներ հանրության հետ, որովհետև իր գործառույթը ոչ թե տնտեսական մրցակցությունն է, այլ Սերժ Սարգսյանի սահմանած մենաշնորհներն ու քվոտաները պաշտպանելը և Շաբոյանը, ասել է թե, միայն դրա համար է այդ պաշտոնում:
«Հիմա տեսնենք, թե ինչպես է Շաբոյանը մարդկանց թյուրիմացության մեջ գցում: ՀՀ-ում շաքարավազի մենաշնորհը և «Երևան Սիթի» ցանցը պատկանում է նույն մարդուն` ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: 369 դրամը Ալեքսանյանի համար արդեն շահութաբեր գին է, բայց մանր և միջին խանութատերերի համար, ում նա այդ գնով վաճառում է շաքարավազը, չի կարող շահութաբեր լինել, որովհետև նրանք 369 դրամով առնում են, դրա վաճառքից պետք է վճարեն շրջանառության հարկ, պետք է կատարեն տրանսպորտային ծախս, այլ ծախսեր և մի բան էլ իրենց շահույթի մասին մտածեն: Սա էլ նշանակում է, որ ձեռք բերելով այդ գնով, խանութատերերը անխուսափելիորեն պետք է 5-10 տոկոս ավելի գին սահմանեն, որպեսզի աշխատելու հնարավորություն ունեն»,- թվարկեց Ն. Փաշինյանը` նշելով, որ այս սխեման ոչ այլ ինչ է, քան գերիշխող գիրքի չարաշահում «Ալեքս Գրիգի» կողմից:
«Պարոն Շաբոյան, բա եթե սա չի գերիշխող դիրքի չարաշահում, բա ո՞րն է: Պոզով-պոչով է լինո՞ւմ դա»,- հետաքրքրվեց նա:
Նա ուշադրություն դարձրեց այն հանգամանքի վրա, որ նորաբաց «Քարֆուրում» ու Սամվել Ալեքսանյանի սուպերմարկետների ցանցում շաքարավազը վաճառվում է նույն գնով` «սինխրոն», իսկ սա հարցադրումների տեղիք է տալիս` ինչպե՞ս է այդպես ստացվում: Ն. Փաշինյանը բացատրեց, թե ինչպես.
«Այն պարզ պատճառով, որ Հայաստան գալուց առաջ «Քարֆուրը» պայմանավորվել է, որ ինքը շաքարավազ չի ներկրելու, և Ալեքսանյանը պարտավորվել է, որ ախպերագնով շաքարավազ կտան «Քարֆուրին»: Բա էսքան ժամանակ, որ «Քարֆուրը» էսքան տարի գալիս էր, հետո չէր գալիս, հետո էլի գալիս էր, չէր գալիս ու վերջապես եկավ ի՞նչ էին անում, էս հարցերն էին լուծում: Լուծեցին»,- շեշտեց նա: Փաշինյանը մեղադրեց Արտակ Շաբոյանին ոչ թե նրանում, որ նա ի պաշտոնե պարտավոր է զբաղվել այս խնդիրներով, բայց չի զբաղվում, այլ նրանում, որ Շաբոյանը նույնիսկ համարձակություն չունի մտածել այդ ամենի մասին, որովհետև երբ սկսի մտածել, դեռ միտքը չավարտած՝ նրան պաշտոնից այնպես կհանեն, որ «դուք էլ դա չեք իմանա»:
«Եվ դու դա շատ լավ գիտեք»,- հավելեց Ն.Փաշինյանը:
Ընդդիմադիր պատգամավորին վրդովեցրել է նաև Ա. Շաբոյանի հայտարարությունները ԱԺ-ում պատգամավորների հասցեին, որոնք Փաշինյանը որակեց «հանդուգն ու լկտի»: Ասաց, որ եթե այդ հայտարարությունների հետևանքով օլիգարխները նրա պարգևավճարը այս ամիս 50 դոլարով ավելացնելու են, ապա ինքը միայն ուրախ է դրա համար: Բայց, շարունակեց նա, Շաբոյանի հետ բանավեճ չունի, որովհետև «չափազանց փոքր ֆիգուր է նրա հետ բանավեճի մեջ մտնելու համար»:
«Իմ բանավեճը ձեր քաղաքական ծնողների հետ է, այնպես որ ձեզ խորհուրդ կտամ ընդհանրապես ոտի տակ չընկնել»,- հավելեց նա: