27/03/2015 11:56
Կհաջողվի՞ գտնել «Նաիրիտի» վերագործարկման բանալին
Այն բանից հետո, երբ ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունը բավական երկար ուսումնասիրություններից հետո այդպես էլ նախատեսված ժամկետում որևէ առաջարկություն չներկայացրեց «Նաիրիտի» վերաբերյալ, կառավարությունը որոշել է գտնել ընկերության վերագործարկման այլ հնարավորություններ։ Ըստ այդմ, հանձնարարվել է էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը՝ մշակել ընկերության առողջացման և այդ վիճակից դուրս բերելու ծրագիր։
Որքանով կհաջողվի գործադիրի այս նախաձեռնությունը, ցույց կտա ժամանակը։ Մի բան փաստ է, որ նախորդ կառավարության փորձերն այդ առումով որևէ արդյունք չտվեցին։
Արդեն չորս տարի է, ինչը «Նաիրիտը» հայտնվել է հարկադիր պարապուրդում։ Կուտակվել են մեծ քանակությամբ պարքեր, ինչպես աշխատողների աշխատավարձերի, այնպես էլ այլ պարտավորությունների գծով։ Ընկերության միայն վարկային պարտքը գնահատվում է ավելի քան 150 մլն դոլար։ Մեծ ծավալի պարտավորություններ են ձևավորվել նաև ներքին մատակարարների՝ մասնավորապես էներգետիկների նկատմամբ։
Որտեղից և ինչպես են առաջացել այդ պարտքերը, առայժմ չեն բացահայտվում։ Թեև իրավիճակը այնքան խճճված է, որ դժվար է անգամ գտնել դրանց հիմքերը։ Միայն մասնագիտական լուրջ ուսումնասիրությունը կարող է հնարավորություն տալ բացել «Նաիրիտի» կուտակած պարտքերի շղթան, ինչը թույլ կտա գնահատել, թե որքանով են օբյեկտիվ կամ սուբյեկտիվ դրանց առաջացման պատճառները։
Հասկանալի է, որ առանց պարտքային խնդիրների լուծման ընկերության վերագործարկումն անհնարին կլինի։ Որևէ մեկը պատրաստ չէ այդ ձևով ստանձնել «Նաիրիտի» կառավարումը։ Թերևս հիմնական պատճառներից մեկն էլ դա էր, որ «Ռոսնեֆտը» խուսափեց այդ գործարքից։
Մինչ ընկերության կուտակած շուրջ 250 մլն դոլար պարտքերի հետ կապված թնջուկի լուծման ուղիներն այս պահին տեսանելի չեն, շատ ավելի քիչ ֆինանսական ռեսուրս է պահանջում «Նաիրիտի» բուն վերագործարկումը։ Մասնագետների գնահատմամբ, դրա համար անհրաժեշտ կլինի գրեթե 30 մլն դոլարի ներդրում, որը պետք է ուղղվի ընկերության տեխնիկական վերազինմանը։
Թեև եթե անգամ կառավարությանը հաջողվի գտնել հնարավորություններ «Նաիրիտի» վերագործարկման համար, ապա դա չի կարող ինքնանպատակ լինել։ Մինչ այդ, անհրաժեշտ է լուծել ինչպես արտադրանքի գնագոյացման, այնպես էլ իրացման հետ կապված խնդիրները։ Այլապես այսօրվա տխուր պատկերը միշտ էլ կարող է կրկնվել։ Որքան էլ հայկական կուչուկի պահանջարկը շուկայում առկա է, այնուհանդերձ գինը ոչ միշտ է մրցունակ։