27/03/2015 14:48
Բազմաբնակարան շենքերի ֆոնդում առկա խնդիրների փաթեթը պատրաստ կլինի մարտի վերջին
Բազմաբնակարան շենքերի ֆոնդում հրատապ լուծման կարիք ունեն բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացման, արդյունավետ կառավարման, վերանորոգման և սպասարկման խնդիրները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց բնակարանաշինությամբ զբաղվող «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա» հիմնադրամի գործադիր տնօրեն Լուիզա Վարդանյանը:
Նրա խոսքով` բազմաբնակարան շենքերի խնդիրները կապված են ներկա սոցիալական իրավիճակի, ինչպես նաև ոլորտի օրենսդրական դաշտի ցածր արդյունավետության հետ:
Բնակարանային ոլորտի փորձագետ Աստղինե Պասոյանի խոսքով` կազմակերպությունը այս նպատակով ուսումնասիրություն է իրականացրել՝ հիմք ընդունելով Վիշեգրադյան երկրների՝ Չեխիայի, Սլովակիայի, Լեհաստանի, Հունգարիայի և Ուկրաինայի օրենսդրական դաշտերը, քանի որ վերջին տարիներին դրանք բազմաբնակարան շենքերի կառավարման ոլորտում մեծ առաջընթաց ունեն, ինչպես նաև օրենսդրական բարեփոխումների մեծ էվոլյուցիա են ունեցել:
Փորձագետը այս դաշտում մի շարք փոփոխություններ է առաջարկում. «Առաջինը՝ բազմաբնակարան շենքի բաժնային սեփականության՝ որպես գույքի գրանցման խնդիրն է, քանի որ մենք մեր սեփական տարածքից տնօրինում ենք նաև ընդհանուր տարածքներ` տանիքներ, նկուղներ, սակայն դա իրավական ձևակերպում չի ստացել»:
Մյուս առաջարկը շենքերի տեխնիկական անձնագրերը նորացնելու և այդ շենքերի էներգետիկ ցուցանիշների նկարագրմանը ուշադրություն դարձնելն է, ինչը թույլ կտա շենքերը էներգախնայող դարձնել և Հայաստանում էներգաարդյունավետությունը զարգացնել:
Փորձագետը նաև առաջարկեց ճշտել և ավելի արդյունավետ կերպով գանձել բազմաբնակարան շենքերի սպասարկման վճարները:
«Այս ամենի համար անհրաժեշտ են ներդրումներ ոչ միայն պետության, այլ նաև մասնավոր սեկտորի կողմից: Ուսումնասիրությունների փաթեթը վերջնական տեսք կունենա մարտ ամսվա վերջին»,- ասաց նա: