27/03/2015 14:20
Հետաքրքրությունը պրոֆեսիոնալ թատրոնի նկատմամբ կորել է․ Ժ․ Դադասյան
«Թատրոնը սինթետիկ արվեստ է, իր մեջ ներառում է պար, երաժշտություն, գեղանկարչություն, շարժում: Թատրոնը զարգացնում է մարդու երևակայությունը», - այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը ՝ խոսելով թատրոնի հանրային նշանակության մասին:
Դադասյանի կարծիքով՝ Երևանը քաղաքը դարձրել է մի քիչ գյուղ, չեն տարանջատվում քաղաքային մշակույթի էլեմենտները ազգագրական էլեմենտից:
Քաղաքային մշակույթը զարգացնելու ուղղությամբ, նրա խոսքով, պետք է քայլեր ձեռնարկվեն՝ ոչ միայն ֆինանսական ներդրումների իմաստով, այլև՝ պետք է մշակել քաղաքականություն:
Խոսելով թատրոնի ներկա վիճակի մասին՝ Ժ. Դադասյանը ասաց, որ այն ազդվում է մեր միջավայրից ու պետք է ձևավորվել մշակութային միջավայր: Նա համոզված է, որ միջավայրը չի նպաստում ընդհանուր զարգացման, եթե չհաշվենք որոշակի անհատական նախաձեռնություններ:
Խնդիրներից մեկն, ըստ Դադասյանի այն է, որ, պոպուլյար դարձավ КВН-ային հումարը, իսկ պրոֆեսիոնալ թատրոնի հանդեպ հետաքրքրությունը սկսեց մարել: Արվեստագետը համոզմունք հայտնեց, որ հոգևոր արժեհամակարգի վերադասավորումը կարող է ազդել տնտեսության, բժշկության ու բոլոր ոլորտների վրա: