27/03/2015 15:00
Երևանում հյուրանոցային ծառայությունների գները բարձրացել են 20-30%-ով
Երևանում հյուրանոցային ծառայությունների գները բարձրացել են 20-30%-ով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Արմենիա թրավել+ Մ» տուրիստական գործակալության տնօրեն Մարինա Կպրելյանը:
Նրա խոսքով` հյուրանոցների տերերը դա բացատրում են նրանով, որ թանկացման պատճառը միայն արտարժույթի փոխարժեքի տատանումն է, և այն չեն պայմանավորում այս տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստան ժամանող բազմաթիվ հյուրերով, բացի այդ, հյուրերի մեծ մասը Հայաստան է ժամանելու պաշտոնական այցով:
Մ. Կպրելյանը ասաց, որ Հայաստանում տուրիզմի ակտիվությունը սկսվում է Սուրբ զատիկից, և արդեն իսկ բոլոր հյուրանոցային համարները ամրագրված են:
Ասուլիսի մյուս բանախոս, «Ջոել» տուրիստական գործակալության տնօրեն Սոնա Եղիազարյանը ասաց, որ վերջին մեկ շաբաթում մարզերում մարզային հյուրանոցներում գնաճը կազմում է առավելագույնը 8%, բացի այդ, ապրիլին Հայաստան ժամանող մեր հայրենակիցների համար արդեն ամրագրել են բնակարաններ, սեփական տներ:
«Այսինքն՝ բացի հյուրանոցներից, զբոսաշրջիկները նաև հիմա հնարավորություն ունեն բնակություն հաստատել բնակարաններում»,- ասաց նա: