27/03/2015 16:37
Խախտե՞լ օրենքը հանուն քաղաքական համոզմունքների
Հիմնադիր խորհրդարանի համակարգող Ժիրայր Սէֆիլյանը երեկվա ասուլիսում ներքին և արտաքին քաղաքական մի շարք հարցերի վերաբերյալ ուշագրավ տեսակետներ է հնչեցրել, որոնցից 2-ին կցանկանայի անդրադառնալ:
* Սէֆիլյանը` որպես իրենց առաջնային քայլերից մեկը, նշել է գործող բանկային համակարգից ձերբազատումը: Անդրադառնալով երեկ քաղաքացիներին ուղղված կոչին, այն է՝ չվճարել մասնավոր բանկերում ունեցած վարկերը, Սէֆիլյանը նշել է, որ այն ընդամենը բնակչության մոբիլիզացիային ուղղված կոչ է, և իրենք որևէ բան չեն կարող պարտադրել:
Այս հայտարարությունն արդեն իսկ հասցրել էր լայն քննարկումների և քննադատության առիթ դառնալ, և շատերը հարցնում էին Սէֆիլյանին՝ ինքն արդյոք պատրա՞ստ է ստանձնելու այդ կոչին միանալու արդյունքում քաղաքացիների հնարավոր կորուստներն ու վնասները փոխհատուցումը: Չէ՞ որ այդպիսով Սէֆիլյանը հակաօրինական գործողության կոչ է անում, որը ենթադրում է լուրջ պատասխանատվություն:
Ի պատասխան այսօրինակ հարցադրումներին՝ նա նշել է, որ այդ կոչին միացողներն իրենք պետք է հավատան Հիմնադիր խորհրդարանի հաջողությանը և գործեն միայն կամավորության սկզբունքով: Այսպիսով, Հիմնադիր խորհրդարանն իրեն փաստացի ազատում է որևէ տեսակի պատասխանատվությունից: Սակայն, կարծում եմ, որ ցանկացած քաղաքական կառույց, որն ակնկալում է իր շուրջ համախմբել քաղաքացիներին, պետք է լրջորեն վերլուծի հնարավոր հետևանքներն ու իր համակիրներին հնարավորինս զերծ պահի կորուստների ճանապարհից:
Հարց է առաջանում` որքանո՞վ է իրականում այս կոչն իրատեսական՝ մոբիլիզացիոն տեսանկյունից: Քանի՞ քաղաքացի է պատրաստ իր ունեցվածքը վտանգի ենթարկել հանուն նման անհնազանդության: Ի՞նչ կլինի բանկերում ավանդ ունեցող քաղաքացիների հետ. չէ՞ որ այդ վարկային գումարների մի մասն էլ նույն քաղաքացիների ավանդներից է գոյացել: Առաջին հայացքից ժողովրդահաճո այս հայտարարությունը կարող է համակրելի թվալ վարկային բեռի տակ գտնվող շատերին, ինչը գուցե հենց Հիմնադիր խորհրդարանի հիմնական նպատակն է, սակայն պատասխանատվության գիտակցումն, անշուշտ, կստիպի զերծ մնալ նման գործելաոճից, և այս ծրագիրը հաջողություն չի գրանցի:
* Երկրորդ ուշագրավ հայտարարությունը, որն արվեց Սէֆիլյանի կողմից, փոքր և միջին բիզնեսի մասին էր: Նա նշեց, որ իշխանափոխությունից հետո երկար ժամանակահատվածում այն ազատ է լինելու տարբեր պարտավորություններից:
Այս հայտարարությունն, անկասկած, պատահական չէ արված: Վերջին ժամանակներում փոքր և միջին բիզնեսի ոլորտներում առկա որոշ դժգոհություններ ձևավորեցին հասարակական տարբեր շարժումներ (մասնավորապես շրջանառության հարկի հետ կապված), և այսօր Հիմնադիր խորհրդարանի հայտարարության ենթատեքստում կոչ կա այդ շարժումներին՝ միանալու իրենց:
Հասարակական մոբիլիզացիան այս պահին, Հիմնադիր խորհրդարանի գլխավոր նպատակն է, առանց որի այն չի կարող իրականացնել քաղաքացիական անհնազանդության միջոցով իշխանափոխության սեփական ծրագիրը: Ապրիլի 24-ը սարերի հետևում չէ, և այս պահին իր ունեցած մարդկային ռեսուրսներով Հիմնադիր խորհրդարանի հաջողությունն իրատեսական չէ: Եվ եթե նրան չհաջողվի համախմբել ավելի լայն զանգվածների, գործընթացը կմարի առաջին իսկ օրերին:
Իսկ նման համախմբման համար պետք է առավել իրատեսական ծրագիր, քանի որ, որքան էլ այս երկու հայտարարությունները գրավիչ են թվում առաջին հայացքից, այնուամենայնիվ, պարունակում են անպատասխան հարցեր. Ինչո՞ւ Հիմնադիր խորհրդարանը չի համարձակվում ստանձնել վարկերի մարումից հրաժարվելու արդյունքում քաղաքացիների հնարավոր կորուստների փոխհատուցումը, եթե այդքան վստահ է սեփական հաղթանակին, ինչո՞ւ կոնկրետ քայլեր չի մատնանշում փոքր և միջին բիզնեսի զարգացմանն ուղղված իր ծրագրից, այլ բավարարվում է ընդհանրական ձևակերպումներով:
Սրանք անպատասխան հարցեր են, որոնք կասկածի տակ են դնում Հիմնադիր խորհրդարանի գործունեության լրջությունն ու հաջողության հավանականությունը: