27/03/2015 19:05
Կիևում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ցուցահանդես է տեղի ունեցել
Կիևում, «Պառլամենտական գրադարանում» մարտի 26-ին տեղի ունեցավ «Հիշողության հարյուր գարուն» ցուցահանդեսը՝ նվիրված Հայոց ցեղասպանության հարյուրամյակին:
Միջոցառման ընթացքում հյուրերին ցուցադրվել են լուսանկարներ և վավերագրական ժամանակագրություն:
Միջոցառման կազմակերպիչները Ուկրաինայում Հայաստանի դեսպանատունը, Ուկրաինայի հայերի միությունը և Կիևի հայկական համայնքն են:
Հուշ-երեկոյին մասնակցել են Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը, Հայաստանում Ուկրաինայի առաջին դեսպան Ալեքսանդր Բոժկոն, Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Դավիթ Մկրտչյանը, Կիևի հայկական համայնքի ղեկավար Նորիկ Գևորգյանը, Կիևի Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ Տեր Հովհաննես Շահնազարյանը, պոետ Իվան Դրաչը, գրող, թարգմանիչ Սերգեյ Ցուշկան և այլոք:
Պառլամենտական գրադարանում տեղի ունեցած միջոցառումից հետո «Ուկրաինական տանը» անցկացվել է ևս մեկ ցուցահանդես՝ Հայոց եղեռնի հարյուրամյակին նվիիրված: Իսկ հուշ երեկոյի ավարտին հյուրերը դիտել են գեղարվեստական, պատմական դրամա՝ Ցեղասպանության մասին:
Պետք է նշել, որ միջոցառումները մեծ հետաքրքրություն են առաջացրել ինչպես հայկական սփյուռքի, այնպես էլ կիևցիների շրջանում:
Ուկրաինայի հայերի միությունում Ցեղասպանության 100-ամյակի նախապատրաստությունները դարձել են առաջնային: Միության ղեկավար Վիլեն Շատվորյանի առաջարկով, միջոցառումների կազմակերպման համար ստեղծվել է հատուկ հանձնաժողով որում ներառվել են տարբեր շրջաններից բազմաթիվ մասնակիցներ: