27/03/2015 15:18
ՀԴԿ. Գործող սահմանադրությունը որևէ կերպով չի կաշկանդում այսօրվա իշխանություններին
Հայաստանի Դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) կենտրոնական գրասենյակում երեկ կայացել է կուսակցության Հանրապետական խորհրդի նիստը: Այս մասին հայտնում են ՀԴԿ մամուլի ծառայությունից՝ տեղեկացնելով, որ քննարկվել են հետևյալ հարցերը.
1. ՀԴԿ VIII համագումարը հրավիրելու հարցը:
2. Աշխատավորների համերաշխության օրվա կապակցությամբ Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) կողմից հայտարարված հանրահավաքին մասնակցելու հարցը:
3. Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ կուսակցության դիրքորոշման հարցը:
«Որոշվեց
- Կուսակցության VIII համագումարը հրավիրել 2015թ. հունիսի 13-ին:
-Ելնելով ՀԴԿ ծրագրային գաղափարական դրույթներից, և նրա հիմքում ընկած սոցիալական արդարության սկզբունքի կենսագործման անհրաժեշտությունից, մասնակցել աշխատավորների համերաշխության օրվա կապակցությամբ 2015թ. մայիսի 1-ին ՍԴՀԿ-ի կողմից հայտարարված հանրահավաքին՝ ներգրավելով ինչպես կուսակցության տարածքային և երիտասարդական կառույցները, այնպես էլ մեզ հետ սերտորեն համագործակցող հասարակական հատվածի կազմակերպությունները: Այդ նպատակով առաջարկել ՍԴՀԿ-ին ստեղծել միասնական կազմակերպական գործողություններ իրականացնող մարմին (շտաբ):
- Սկսել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի դրույթների քննարկումը և ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին և հանրությանը ներկայացնել ամփոփ եզրակացություն իր դիրքորոշման և մոտեցումների վերաբերյալ: Հատուկ քննարկման առարկա է դառնալու կառավարման համակարգի փոփոխման հարցը:
Միաժամանակ, խորհուրդը վերահաստատում է կուսակցության այն դիրքորոշումը, որ գործող սահմանադրությունը որևէ կերպով չի կաշկանդում այսօրվա իշխանություններին՝ համակարգային կերպով լուծելու երկրում կուտակված սոցիալ-տնտեսական լուրջ և հրատապ խնդիրները, կազմաքանդելու օլիգարխիկ-մենաշնորհային համակարգը, իրագործելու սահմանադրությամբ ամրագրված սոցիալական պետության գործառույթները, ապահովելու մարդու կենսական իրավունքները, որպիսիք են՝ աշխատանքը, արժանավայել աշխատավարձը, բավարար կենսաթոշակը և այլն»: