27/03/2015 18:52
Հաշմանդամության գնահատման ընթացակարգը բարեփոխվել է
Հաշմանդամության գնահատման գործընթացն առավել բազմակողմանի և հստակ դարձնելու, ինչպես նաև հնարավոր սուբյեկտիվ մոտեցումները կանխելու նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախաձեռնել է հաշմանդամության գնահատման ընթացակարգի բարեփոխման գործընթաց։ Այն հիմնված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից մշակված հաշմանդամության, առողջության և ֆունկցիաների միջազգային դասակարգչի (ԱՀԿ ՖՄԴ) վրա, որը հաշմանդամությունը դիտարկում է որպես անձի առողջական խնդրի և միջավայրային գործոնների փոխհարաբերություն։
Նոր ընթացակարգը ենթադրում է, որ մարդուն հաշմանդամ ճանաչելու համար բավարար հիմք չէ միայն նրա ախտորոշումը, այլ կարևոր է գնահատել նրա կարողություններն ու հնարավորությունները, որոնք ուղղակիորեն կապված են միջավայրային գործոնների հետ:
Prip.am-ից տեղեկանում ենք, որ նախարարության ու աջակցող միջազգային կազմակերպությունների համատեղ ուժերով մշակվել են հարցաշարեր, որոնք հնարավորություն կտան հավաստի տեղեկատվություն ստանալ անձի ֆունկցիոնալության մասին, և գնահատել այն ծառայությունների ու աջակցության փաթեթը, որն անհրաժեշտ է վերջինիս լիարժեք կամ առավելագույն ֆունկցիոնալությունն ապահովելու համար։ Գործընթացը կազմակերպելու համար մշակվել են քաղաքացու դիմումի ձևը՝ ըստ տարիքային խմբերի, անձի հետ աշխատող մասնագետների հարցաշարերը և վարչական վարույթի ձևաչափն ըստ տարիքային խմբերի, այդ հարցաշարերը լրացնելու մեթոդաբանությունն ու չափորոշիչները։ Յուրաքանչյուր հարցաշար ներառում է հարցեր ՖՄԴ-ի չորս ոլորտների վերաբերյալ, որոնք են մարմնի կառուցվածքը, օրգանիզմի ֆունկցիաները, անձի կարողությունն ու կատարողականությունը և միջավայրային գործոնների ազդեցությունը։
Մշակված գործիքների արդյունավետության գնահատման համար այժմ իրականացվում է գործող կարգին համապատասխան հաշմանդամ ճանաչված անձանց հարցումը։ Այսինքն՝ արդեն մեկնարկել է մշակված գործիքների՝ հարցաշարերի լրացման և հաշմանդամության հաստատման նոր մեթոդաբանության ռետրոսպեկտիվ փորձարկման շրջանը, որի կտևի մոտ երկու ամիս և կդառնա գնահատման նոր կարգի վերլուծության, անհրաժեշտ շտկումներ իրականացնելու, և այն որպես հիմնական գործիք կիրառելու նպատակահարմարության ճշտման կարևորագույն փուլը։
Աղբյուրը նշում է, որ հարցաշարեր լրացնող մասնագետների գնահատմամբ, այս աշխատանքը մեծ բծախնդրություն և ուշադրություն է պահանջում, որպեսզի ընթացիկ փուլում իրենք կարողանան բացահայտել հնարավոր թերությունները, կատարելագործել հարցաշարերն ու ընդհանուր մեթոդաբանությունը։ Ներկայումս հարցումների արդյունքերի մշակումը կատարվում է անանուն ձևով, պահպանվում է անձի տվյալների գաղտնիությունը։ Այս փորձնական հարցման արդյունքում չի փոխվելու անձի հաշմանդամության կարգավիճակը։
Հաշմանդամության կարգ ունեցող քաղաքացիները, ովքեր հիմա ներգրավված են պիլոտային ծրագրի մեջ, կարող են վստահ լինել, որ այս հարցման արդյունքում իրենց տրամադրած տեղեկատվությունը հիմք չի դառնալու հաշմանդամության կարգավիճակի փոփոխման համար։ Նրանք, իհարկե, կարող են ցանկության դեպքում ընդհատել հարցումը, չպատասխանել իրենց անհարմար թվացող հարցերին և կամ ընթացքում հրաժարվել ծրագրի մասնակցությունից։ Ընդ որում, հարցման մասնակիցների հարմարավետության համար ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները, պիլոտային ծրագրի մասնակիցները կապահովվեն տրանսպորտով, սնունդով և հարցազրույցների ընթացքում ի հայտ եկած ցանկացած այլ աջակցությամբ։