27/03/2015 11:45
Թ. Պողոսյան. Սեֆիլյանի առաջարկած ծրագրում քաղաքական օրակարգ չեմ տեսնում
««Նախախորհրդարանի» առաջարկված ծրագրում ես քաղաքական օրակարգ չեմ տեսնում: Այն, ինչ այսօր «Ժառանգությունն» է առաջ տանում, ՀՅԴ-ն ու Նիկոլ Փաշինյանը լի են քաղաքական օրակարգով, լի են վերլուծական մտքով և վստահ եմ, որ քաղաքական այդ միավորների արածը իսկապես ունի քաղաքական օրակարգ: Իսկ ցանկացած միավոր, որն առաջարկում է ուղղակի գործողություններ, կարիք ունի մեծ հանրային քննարկման»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը:
Պատգամավորի խոսքով` իմաստ չունի ամեն օր հանդես գալ զուտ կոչերով: Նա նաև ավելացրեց, որ «Նախախորհրդարանի» բոլոր կոչերը քննարկելու համար ինքն ունի երկու նախադրյալ` մինչև ապրիլի 24-ը և հենց այդ oրը չի կարելի որևէ բան նախաձեռնել, իսկ դրանից հետո գործողությունները պետք է քննարկել: Ժիրայր Սեֆիլյանը դրան համաձայնվի, թե ոչ` դա արդեն այլ հարց է.
«Եվ երկրորդ` ԼՂՀ-ն երբևէ ներգրավված չի լինելու որևէ կերպով ներհայաստանյան հարցերի քննարկմանը: Եթե այս նախապայմանները լինեն` կարելի է քննարկել, բայց միայն այն դեպքում, եթե կա միտք ու քաղաքական օրակարգ»,- ասաց Թ.Պողոսյանն ու հավելեց.
«Այսօրվա դրությամբ ես դա, սակայն, չեմ տեսնում»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք «Ժառանգությունը» կմասնակցի «Նախախորհրդարանի» հանրահավաքներին, թե ոչ պատգամավորը հորդորեց դիմել կուսակցության ղեկավարությանը, քանի որ ինքը, հիշեցրեց, կուսակցական չի հանդիսանում: