27/03/2015 12:11
Թ. Պողոսյանն իշխանություններին համեմատեց տեռորիստների հետ
Երբևէ չեմ համաձայնվի այն պիտակի հետ, որը տրվել էր Արմեն Մարտիրոսյանին ու Ռուբեն Հակոբյանին, թե իրենք հաճախորդներ են: Անձնապես համարում եմ, որ հանդիպելը որոշում էր, որն իրենք իրականացրել են և պետք է հարգել դա, քանի որ հանդիպումը տեղի է ունեցել: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը` անդրադառնալով սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակում գործընկերների հանդիպմանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ինչը կոշտ քննադատության էր արժանացել կուսակիցների կողմից ևս:
«Վստահ եմ, որ եթե մի բան ուզում ենք փոխել, ապա պետք է քննարկենք: Եթե մեր տեսակետները կընդունվեն, գուցե կարելի է քննարկումները շարունակել»,- ասաց նա:
Թ. Պողոսյանը հայտարարեց, որ իր համար նորություն էր այն, որ Վահրամ Բաղդասարյանը նախօրեին հայտարարել է, որ ՀՀԿ-ն պատրաստ է քննարկել ընտրություններից հետո ընտրացուցակների հրապարակման խնդիրը, ինչն առաջ է քաշում «Ժառանգությունը»: Իսկ սա արդեն դրական ազդակ է.
«Եթե ամենը մնա այնպես, ինչպես կա և ոչինչ չփոխվի, ապա կունենանք այն, ինչ միշտ ունեցել ենք: Բայց մեկ բան հստակ է` որևէ իմիտացիոն գործընթացում ցանկություն չկա մասնակցելու»,- ընդգծեց նա ու ավելացրեց` արդեն գնացել են, այդ խնդիրն այլևս չկա քննարկելու: Ներկայացվել են առաջարկներ և եթե դրանք ընդունվեն, կլինի նոր իրավիճակ, թե ինչ անել:
Ի դեպ, Թ. Պողոսյանը նաև համեմատություն արեց.
«Պատկերացրեք, որ տեռորիստները ինքնաթիռ են գրավել, իրենք շատ վատն են, բայց ի՞նչ է, չե՞ք բանակցելու նրանց հետ»,- հայտարարեց նա` ի պատասխան այն հարցադրման, թե «Ժառանգությունը» մշտապես հայտարարել է, որ Սերժ Սարգսյանը լեգիտիմ նախագահ չէ, այդ դեպքում ինչո՞ւ են դիտարկում նրա հետ բանակցելու հարցը: Նա նաև շեշտեց, որ այս պարագայում պետք է գիտակցենք, որ խնդիրը երկրի ապագայի մասին է: