27/03/2015 19:48
ՄԿՈՒ տնօրենները ևս կանցնեն հավաստագրում
2014թ-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախաձեռնել է տնօրենների ընտրության նոր մեխանիզմ` հավաստագրում: Այսօր լրագրողների հետ հանպիպման ժամանակ ասաց ԿԳՆ միջին մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Աբրահամյանը:
Նա ներկայացնելով ՄԿՈՒ ոլորտի տնօրենների հավաստագրման նոր կարգը, նշեց, որ հավաստագրվելու են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ուսումնական հաստատությունների տնօրենները:
«Հայտարարված մրցույթի արդյունքում արդեն երաշխավորվել են վերապատրաստող կազմակերպությունները, որոնք տնօրենների կամ տնօրենների թեկնածուների վերապատրաստման ծրագրերի պայմանների վերաբերյալ արդեն տարածել են համապատասխան հայտարարություններ»,- ասաց Ռ. Աբրահամյանը, հավելելով, որ առաջիկա վերապատրաստումներին հիմնականում կմասնակցեն անժամկետ պայմանագրերով աշխատող պետական ուսհաստատությունների տնօրենները, ովքեր պարտավոր են մինչև օգոստոսի 1-ը վերապատրաստվել:
«Հավաստագիր ստանալուց հետո կարող են մասնակցել իրենց հաստատության տնօրենի համար հայտարարված մրցույթին և ճանաչվել հաղթող, ապա դրանից հետո միայն շարունակել աշխատել»,- ասաց ԿԳՆ միջին մասնագիտական կրթության վարչության պետը: