27/03/2015 12:03
Ա. Ռուստամյանը` Սեֆիլյանի մասին. Ես այդ մարդու հետ ոչ կմիանամ, ոչ էլ սեղան կնստեմ
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի կարծիքով` Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությունները հղի են վտանգով Հայաստանին ու հայ ժողովրդին խայտառակ անել ամբողջ աշխարհով մեկ: Նա նշեց, որ Դաշնակցությունը մշտապես հայտարարել է, որ իրենք դեմ են քաղաքական պայքարը կապել ապրիլի 24-ի հետ, քանի որ դա ամենալավ նվերն է, որ կարող ենք անել մեր թշնամիների ու չուզողների համար, որոնք ամեն ինչ անում են ոգեկոչման միջոցառումների այս շարքը հարամելու համար:
«Իսկ դա չի կարելի թույլ տալ և մեզ համար բացարձակապես անհասկանալի են մոտիվները, թե ինչպես կարելի է այդ օրվա խորհուրդը ոտնահարել: Մեր նպատակն այն է, որ ցույց տանք աշխարհին, որ հարյուր տարի անց էլ հայությունը ունի մեկ խնդիր` չենք մոռանալու այն, ինչ կատարվել է»,- ասաց նա:
ՀՅԴ-ական գործիչը հայտարարեց, որ ցավում է, որ դեռ կան մարդիկ, որ դա չեն հասկացել.
«Ո՞ւմ է պետք այդ քաղաքական պայքարը, եթե այն կոչված չպիտի լինի հայությունը միավորելու ու մեր նպատակների ու իղձերի իրականացմանը: Այդ օրը միջազգային ներկայություն է սպասվում և մենք ուղղակի ամոթով կմնանք աշխարհի առաջ, եթե նման բան թույլ տանք: Այնպես որ՝ ես կոչ եմ անում մեր այդ հայրենակիցներին զերծ մնալ այդ մոտեցումներից: Ամեն մեկն իրավունք ունի իր տեսակետն ունենալ, բայց ամեն բան իր տեղն ու ժամանակը ունի և եթե դա խառնենք, ապա հակառակ արդյունքը կստանանք»:
Հարցադրմանը`ապրիլյան միջոցառումներից հետո կմիանա՞ն, ՀՅԴ-ական Ռուստամյանի նյարդերը տեղի տվեցին.
«Ինչ գործ ունեմ ես այն ուժի հետ, որ գալիս է պառակտելու մեր միասնությունը: Ես այդ մարդու հետ ոչ կմիանամ, ոչ էլ սեղան կնստեմ»:
Ա. Ռուստամյանը նշեց նաև, որ իշխանությունները պետք է ամեն ինչ անեն կանխարգելելու նման երևույթները` օրենքի սահմաններում: