27/03/2015 09:31
Էլեկտրաէներգիայի սականգնի բարձրացման շուրջ բանակցություններ են ընթանում. ՀՀԿ-ական
«Իրատես de facto»-ն զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ:
-ՀԷՑ-ը պատրաստվում է բարձրացնելու էլեկտրաէներգիայի սակագինը։ Չե՞ք կարծում, որ դրանով կմեծանա սոցիալական լարվածությունը, ինչը դժգոհության նոր ալիք կառաջացնի։
-Ինչ խոսք, խնդիրը մեզ մտահոգում է, և էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման շուրջ այս պահին բանակցություններ են ընթանում։ Գաղտնիք չէ, որ սակագնի ցանկացած բարձրացում իր հետ խնդիրներ է բերում, առկա են նաև այնպիսի խնդիրներ, որոնք քննարկման առարկա են այս պահին, և դրանց շուրջ բանակցություններ են ընթանում։ Դուք գիտեք, որ գազի սակագնի հարցում որոշակի պայմանավորվածություն ձեռք բերվեց` սակագինը չբարձրացնելու առնչությամբ։
-Ի՞նչ եք կարծում, տարօրինակ չէ՞, որ ՀԷՑ-ը մեծ պարտքեր ունի, երբ ժողովուրդը պարտաճանաչ կերպով վճարում է սպառած էլեկտրաէներգիայի դիմաց։ Ինչո՞ւ պետք է մեր ժողովուրդը իր հաշվին փակի ՀԷՑ-ի պարտքը։
-Ընկերության պարտքերի առաջացման հարցը ուսումնասիրում է համապատասխան հանձնաժողովը։ Կարծում եմ, խնդիրը պետք է դիտարկել նաև տարիներ առաջ ընկերության հետ կնքված պայմանագրի դրույթներում` ընկերության շահույթները համարվում են անձեռնմխելի։ Ըստ իս, անհրաժեշտություն կա կորուստների և շահույթների վերանայման։ Ընդ որում, դա պետք է արվի ոչ միայն մեր, այլև ՀԷՑ-ի ցանկությամբ։