27/03/2015 19:13
«Պատասխանատվության նոր մշակույթ» է ձևավորվում
Կառավարությունում վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ նախօրեին տեղի է ունեցել վարչապետների ակումբի հիմնադիր նիստը, որին մասնակցել են Հովիկ Աբրահամյանը, Վազգեն Մանուկյանը, Գագիկ Հարությունյանը, Խոսրով Հարությունյանը և Հրանտ Բագրատյանը:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում մասնակիցները «քննարկել են ակումբի հետագա գործունեությանը և տնտեսությանն առնչվող հարցեր»:
«Վարչապետների ակումբի» ձևավորման մասին գաղափարը ի հայտ էր եկել դեռևս 2014 թվականին, երբ կառավարության ղեկավարի պաշտոնում Տիգրան Սարգսյանին փոխարինեց Հովիկ Աբրահամյանը:
Աբրահամյանը պաշտոնավարման առաջին իսկ օրերին հայտարարեց, որ պատրաստ է լսել տնտեսության զարգացման վերաբերյալ բոլորի տեսակետները՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ քաղաքական հոսանք կամ ճամբար է ներկայացնում տեսակետ արտահայտողը:
Այդ տրամաբանության շրջանակներում, վարչապետը հանդիպումներ նախաձեռնեց գրեթե բոլոր ոլորտների ներկայացուցիչների, քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում մտքեր էին փոխանակվում երկրի տնտեսության զարգացման գերակայությունների ու դրանց հասնելու ճանապարհների մասին:
Այս հանդիպումների հաջորդ՝ տրամաբանական քայլը, արդեն «վարչապետների ակումբի» շրջանակներում նախատեսված հանդիպումն էր: Եվ կարևոր չէ այս իրավիճակում, թե ում նախաձեռնությամբ են հավաքվում վարչապետները: Կարևորը գաղափարն է՝ երկրի առջև ծառացած խնդիրների լուծմանը հասնել ամենաարդյունավետ ճանապարհով, իսկ առանց քննարկումների, առանց տարբեր մոտեցումների պրոյեկտման, դժվար է լավ արդյունք ակնկալել:
Գաղափարը արժեքավոր է հատկապես այն առումով, որ հանդիպման մասնակիցները՝ անկախ քաղաքական համոզմունքներից, պաշտոններից ու դիրքորոշումներից, մի կողմ դնելով քաղաքական ամբիցիաները, ամեն ինչից վեր համարելով երկրի, տնտեսության զարգացումն ու առաջընթացը, մի սեղանի շուրջ համախմբվեցին:
Ակումբի մասնակիցները տարբեր ժամանակներում բարձր պաշտոններ զբաղեցրած անձինք են, ովքեր հատկապես վերջին 2 տասնամյակների ընթացքում զգալի փորձ են կուտակել, «ուղեկցել» երկիրը բավականին բարդ ժամանակներում: Այդ տեսանկյունից, ոչ միայն կարևոր են նրանց մասնագիտական գիտելիքները, այլև այն հսկայական փորձը, որ վերջիններս կուտակել են անցած տարիների ընթացքում:
Եվ վերջապես, երկրում ձևավորվում է նոր մշակույթ, ինչն առաջին հերթին ենթադրում է ոչ ֆորմալ «պատասխանատվության ինստիտուտի» ձևավորում, երբ բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք իրենց բաժին պատասխանատվությունը շարունակում են կրել նույնիսկ պաշտոնը թողելուց հետո: