27/03/2015 10:48
Հոսպիտալի պետ. Վիրավոր զինվորներից մեկի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ
Մարտի 19-ին հակառակորդի դիվերսիան հետ մղելիս վիրավորված ու Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալ տեղափոխված երկու զինծառայողի՝ Սարգիս Գաբրիելյանի և Էդգար Մարտիրոսյանի առողջական վիճակը գնահատվում է բավարարին մոտ: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց հոսպիտալի պետ, գնդապետ Արամ Ասատուրյանը.
«Սարգիսն արդեն մի քանի օր է տեղափոխվել է հիվանդասենյակ, այսօր, հավանաբար, հիվանդասենյակ կտեղափոխենք նաև Էդգարին»,- ասաց հոսպիտալի պետը:
Նրա խոսքով՝ Ստեփանակերտի հոսպիտալում գտնվող Դարմանյան Գոռի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ.
«Նրա վնասվածքը բավականին լուրջ էր: Մի քանի օր առաջ այստեղից բժշկական խումբ է մեկնել Ստեփանակերտ, որն անում է անհրաժեշտ ամեն բան»,- ասաց Արամ Ասատուրյանը՝ նշելով, որ Գոռին Երևան տեղափոխել դեռևս հնարավոր չէ:
Հիշեցնենք, որ մարտի 19-ին հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի ուժեղացված խմբի հարձակը հետ մղելիս զոհվել են ՊԲ զինծառայողներ Հակոբ Խաչատրյանը (1996թ.), Էդուարդ Հայրապետյանը (1995թ.) և Արշակ Հարությունյանը (1995թ.): Եվս 4 զինծառայող վիրավորվել է: Նրանցից Սամվել Հակոբյանն (1995թ.), ում վիճակն այս օրերին գնահատվում էր ծայրահեղ ծանր՝ նախօրեին մահացել է Ստեփանակերտի հոսպիտալում: