27/03/2015 15:44
Հ. Մելիք-Շահնազարյան. Սեֆիլյանն անկեղծ կլինի, եթե չքողարկվի «ազգային-ազատագրական պայքար վարող» գործչի անվան տակ
Ժիրայր Սեֆիլյանի առաջարկները հայ քաղաքական գործիչների ու քաղաքագետների զարմանքն են հարուցել ու անկախ այն հանգամանքից, թե ով ո՞ր դաշտն է ներկայացնում` նրանք միաբերան նշում են, որ առաջարկները քաղաքական օրակարգ չեն պարունակում: Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն էլ քանի օր է ուսումնասիրում է դրանք և ռացիոնալ հաշվարկի վրա հիմնված ոչ մի առաջարկ չի տեսնում.
«Տպավորությունն այն է, որ պահի տակ եկած մտքերն են բարձրաձայնում, հետո էլ առանց որևէ խնդրի հայտարարում, որ ընդամենը կոչ է` կուզեք հետևեք, կուզեք ոչ։
Եվ եթե որևէ մշակած ծրագիր չունեն, այդ դեպքում ի՞նչ են առաջարկում հասարակությանը։ Կործանել ձևավորված համակարգն ու պետական ենթակառուցվածքներն և վե՞րջ։ Դե ուրեմն նրանց շարժմանը պետք է այլ անուն տալ և դա որևէ կերպ չկապել «ազգային» եզրույթի հետ։
Կարծում եմ` Սեֆիլյանն ու նրա կողմնակիցները շատ ավելի արդար կլինեն, եթե չքողարկվեն «ազգային-ազատագրական պայքար վարող» գործիչների անվան տակ և հասարակությանն անկեղծ ասեն, որ պարզապես ցանկանում են ջուր պղտորել ու հնարավորինս մեծ ձուկ բռնել»,- Facebook-յան իր էջում գրառել է քաղաքագետը։