28/03/2015 15:22
Ամուլսարի հանքի փոշին կարող է տարածվել մինչեւ 30 կմ-ից ավելի հեռավորության վրա
Անկախ փորձագետները շարունակում են իրենց կարծիքը ներկայացնել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման և ցիանային արտադրության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի վերաբերյալ: Հերթական առաջարկը ներկայացրել է Սեյրան Մինասյանը:
«ՀՀ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի արդյունահանման նախագծային փաստաթղթերն ու ՇՄԱԳ-ը մանրամասնորեն մշակված են և ներառում են շրջակա միջավայրին վերաբերվող հիմնական ասպեկտները՝ հանքավայրի բացման, շահագործման, փակման և հանքի փակումից 5-ամյա ժամանակահատվածներում: Ծրագրում հանքավայրի բացման, շահագործման փակման և ռեկուլտիվացիոն գործընթացները նկարագրված և ներկայացված են ՇՄ վրա գործնականում զրոյական կամ հասանելի նվազագույն ազդեցությամբ:
Նախագծային փաստաթղթերում ներկայացված են.
• մակերևույթային և ստորերկրյա ջրերի, գետնամերձ շերտի օդի, հողերի և ընդհանրապես տարածքի էկոհամակարգի ներկայիս էկոլոգիական վիճակի վերլուծություններն ու գնահատականները, որոնք հիմնված են վերջին տարիների, այդ թվում նախագծողների կողմից նպատակային կատարված մոնիտորինգային հետազոտությունների հիման վրա,
• հանքավայրի շինարարության ընթացքում և հետագա շահագործման գործընթացում շրջակա միջավայրի բաղադրիչների՝ մակերևույթային և ստորերկրյա ջրերի, գետնամերձ շերտի օդի, հողերի, ընդհանրապես էկոհամակարգի և էկոհամակարգային ծառայությունների վրա ազդեցությունների ձևերը, չափը՝ ըստ էկոլոգիական վիճակի բնութագրման առանձին ցուցանիշների և կանխատեսումային մոդելների կիրառմամբ հիմնավորված գնահատականների,
• վերջնական փուլում՝ հանքավայրը շահագործումից հանելուց հետո էկոհամակարգի առանձին բաղադրիչների և ընդհանուր էկոհամակարգի վիճակի մեթոդապես հիմնավորված կանխատեսումներն ու գնահատականները։
Նախագծային փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նախագծում և ՇՄԱԳ-ում առկա են որոշ թերություններ և բացթողումներ: Ամուլսարի հանքավայրի արդյունահանման նախագծում ու ՇՄԱԳ-ում հաշվի չեն առնված շրջակա միջավայրի վրա ներգործության որոշ էֆեկտներ, որոնք բացահայտվել են և առկա են Հայաստանում գործող նմանատիպ այլ հանքավայրերի բաց շահագործման ընթացքում:
Առաջին թերությունը կապված է հանքավայրից տարածվող փոշով գետավազանների էկոհամակարգերի հնարավոր աղտոտման թերագնահատման հետ:
Խնդիրը կայանում է հետևյալում. Ամուլսարի հանքավայրի բաց շահագործման ու արդյունահանման ՇՄԱԳ-ում փոշու ցրման շառավիղը հաշվարկված ու գնահատված է մինչև 1 կմ, իսկ հալոցքաջրերով փոշու տարածման կանխարգելման համար ՇՄԱԳ-ում նախատեսված է հատուկ հիդրոտեխնիկական կառույցների ստեղծում: Սակայն հանքավայրերից մակաբացման, դատարկ ապարների, հանքային փոշու տարածումը տեղի է ունենում բազմաթիվ, տարաբնույթ պրոցեսների արդյունքում և հետևանքով (էրոզիա, լվացում ու տարածում անձրևաջրերով ու հալոցքաջրերով, հողմնահարման, քամիների, սելավների, հեղեղների, ձնահոսքերի և այլ միջոցներով): Այդ պատճառով հանքավայրերից փոշու ցրումը և տարածումը տեղի է ունենում մոդելային հաշվարկներց ստացվածի համեմատ շատ ավելի մեծ շառավիղով: Դա ցույց է տալիս Հայաստանում հանքավայրերի շահագործման առկա փորձը, համաձայն որի հանքավայրերի հարակից գետավազանները փոշով աղտոտվում են ավելի մեծ հեռավորությունների վրա: Օրինակ Սոթքի բաց հանքավայրից 30 կմ-ից ավելի հեռավորությամբ գտնվող Մասրիկ գետի գետաբերանում, գետի հատակային սուբստրատը ներկայումս արդեն աղտոտված է հանքավայրից արտանետված փոշով:
Ամուլսարի հանքավայրի արդյունահանման նախագծում (տես օրինակ 3.2.5.3 բաժինը՝ Մակերևութային ջրերի կառավարում, էրոզիայի վերահսկում, լանդշաֆտի պլանավորում և վերականգնում) նախատեսվում են միջոցառումներ՝ փոշու տարածումն ու գետավազանի աղտոտումը կանխարգելելու նպատակով, սակայն չկա ոչ մի երաշխիք, որ հանքավայրի արդյունահանման ընթացքում հանքավայրից տարածվող փոշին չի հայտնվի Արփա, Դարբ, Որոտան գետերի և դրանց վտակների հատակային նստվածքներում՝ առաջացնելով համապատասխան ներգործության էֆեկտներ:
Ամուլսարի հանքավայրի արդյունահանման ՇՄԱԳ-ում բացակայում են նշված հարակից գետավազանների հատակային սուբստրատների մորֆոլոգիական և քիմիական հետազոտություններն ու ներկայիս վիճակի գնահատականները: ՇՄԱԳ-ում բացակայում են նաև հանքավայրից տարածվող փոշու ներգործության էֆեկտները Արփա, Դարբ, Որոտան գետերի և դրանց վտակների հատակային նստվածքների և ընդհանրապես գետային էկոհամակարգերի վրա:
Առաջարկ. անհրաժեշտ է ներկայումս, մինչև հանք բացումը, ուսումնասիրել Արփա, Դարբ, Որոտան գետերի և դրանց վտակների, լճերի հատակային սուբստարատներն ու դրանց քիմիական կազմը և ֆիքսել առկա վիճակը: Այնուհետև հանքի շահագործման և փակման ընթացքում իրականացնել հատակային սուբստրատների մորֆոլոգիական և քիմիական բաղադրության վերահսկողական մոնիտորինգ: Հատակային նստվածքների մոնիտորինգի ներառումը ընդհանուր մոնիտորինգային ծրագրի մեջ այն կդարձնի առավել ընդգրկուն և ինֆորմատիվ, թույլ կտա օպերատիվ և արդյունավետ կառավարել բնապահպանական ռիսկերն ու ռեկուլտիվացիոն գործընթացները:
Երկրորդ թերությունը կապված է հանքավայրից տարածվող փոշով հարակից տարածքների մշակաբույսերի և բնակչության կողմից օգտագործվող վայրի բույսերի՝ պտուղների, հատապտուղների, բանջարաբույսերի հնարավոր աղտոտման և դրա հետևանքների գնահատման հետ: Խնդիրը կարևոր է, որովհետև մշակաբույսերի և բնակչության կողմից օգտագործվող վայրի բույսերի աղտոտումը կարող է ունենալ ոչ միայն էկոլոգիական, այլ նաև սոցիալ-տնտեսական լուրջ բացասական հետևանքներ հարակից համայնքների բնակչության համար: Հանքավայրի շահագործման հետևանքով Սարավան, Գնդեվազ, Կեչուտ, Ջերմուկ, Գորայք համայնքների գյուղատնտեսությունը և էկոհամակարգային ծառայությունները միանշանակ կհայտնվեն ռիսկային վիճակոմ: Այն կարող է չեզոքացնել հանքավայրի շահագործման արդյունքում սպասվելիք սոցիալ տնտեսական դրական սպասելիքները:
Առաջարկներն առավել մանրամասն ներկայացված են սկզբնաղբյուր կայքում: