28/03/2015 11:46
Եվրապարտատոմսերի թողարկում. Վստահություն` տնտեսության նկատմամբ
Հայաստանի կառավարությունը երկրորդ անգամ միջազգային պարտատոմսեր թողարկեց եւ այս անգամ նույնպես դրանք հաջողությամբ տեղաբաշխվեցին: Դա նախեւառաջ քաղաքական շարժառիթներով պարտատոմսերի տեղաբաշխման հաջողությանը կասկածելու սնանկությունը ցույց տվեց` թե առաջին, թե երկրորդ անգամ: Կասկածն այն էր, որ Հայաստանը մտել է ԵՏՄ, ինչն իբր անվստահություն կառաջացնի միջազգային շուկաներում եւ մեր պետական պարտատոմսերը չեն գնի:
Փաստենք, որ երկու թողարկումների ժամանակ էլ մեր պարտատոսմերը հաջողությամբ գնվեցին, ինչը վկայում է այն մասին, որ միջազգային ներդրողները Հայաստանի մակրոտնտեսական կայունությանը եւ ընդհանրապես մեր տնտեսության հուսալիությանը հավատում են, անկախ քաղաքական գործընթացներից: Ինչ վերաբերվում է բուն տեղաբաշմանը, ապա, ըստ այն իրականացնող պետական մարմնի` ֆինանսների նախարարության, 2015 թվականի մարտի 19-ին իրականացվեց արտարժութային պետական պարտատոմսերի երկրորդ տեղաբաշխումը 500 մլն դոլար ծավալով եւ տեղաբաշխումից մուտքը կազմեց 487,8 մլն դոլար:
Միաժամանակ, իրականացվեց 2020 թվականին մարման ենթակա արտարժութային պետական պարտատոմսերի գծով հետգնում` գրեթե 200 մլն դոլարի չափով, որի դիմաց վճարվել է 205, մլն դոլար` ներառյալ հետգնված պարտատոմսերի անվանական արժեքը եւ հաշվեգրված արժեկտրոնի գումարը: Վճարման ենթակա գումարը վճարվել է պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված միջոցների հաշվին: Ավելի պարզ լեզվով ասած, սա նշանակում է, որ նախորդ թողարկումից հետո, անհրաժեշտ էր լինելու 2020 թ.-ին մարել 700 մլն դոլար, բայց դրա 200 մլն դոլարն արդեն մարվեց այս թողարկումից ստացված գումարով:
Այսինքն, մարման ենթակա մնաց 500 մլն դոլար: Սրանից բացի, երկարաձգվեց ՀՀ կառավարության պարտքի միջին ժամկետայնությունը` երկարաձգելով շրջանառության մեջ գտնվող արտարժութային պետական պարտատոմսերի ժամկետայնությունը: Այսինքն, հետգնման պահին արտարժութային պետական պարտատոմսերի մինչեւ մարումը մնացած ժամկետը կազմում էր 5,5 տարի, իսկ նոր պարտատոմսերի տեղաբաշխումից եւ առաջին թողարկման պարտատոմսերի մասնակի հետգնումից հետո` 7,8 տարի: Դարձյալ ավելի պարզ ասած, այս` մասնակի մարումից հետո, մնացած գումարի մարումը ավելի քան 2 տարով հետաձգվեց: Այս ամենից հետո մնացած գումարից 40 մլրդ դրամը նախատեսվում է օգտագործել ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման համար` փոխարինելով պետական գանձապետական պարտատոմսերի հաշվին դեֆիցիտի ֆինանսավորումը: Այս քայլով կառավարությունը նախատեսվում է մեղմել պետական գանձապետական պարտատոմսերի շուկայում ստեղծված իրավիճակը` նպատակ ունենալով չվատթարացնել ներքին պետական պարտքը բնութագրող որակական ցուցանիշները: Մնացած գումարն էլ (մոտավոր հաշվարկներով 200 մլն դոլար) կառավարության որոշմամբ ուղղվեց կայունացման դեպոզիտային հաշվին` նպատակ ունենալով առկա տնտեսական իրավիճակում պահպանել հարկաբյուջետային կայունությունը եւ ժամանակին ու ամբողջությամբ ֆինանսավորել պետական բյուջեի ծախսերը: Հիշեցնենք, որ տարեսկզբին կառավարությունը տեղեկացրել էր այս թողարկման մասին, ինչի նպատակը համաշխարհային տնտեսության անորոշությունների պարագայում Հայաստանի տնտեսությունը հնարավոր հարվածներից ապահովագրելն է, ինչի համար անհրաժեշտ էին համապատասխան միջոցներ: Արտաքին պարտքը սրանով, իհարկե, ավելանում է, բայց այն դեռեւս կգտնվի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 40 տոկոսի չափին մոտ, ինչը ռիսկային չի համարվում: