28/03/2015 15:10
Հայ և ռուս պատգամավորներն ԱԺ-ում քննարկել են Ավետիսյանների սպանությունը
Ազգային Ժողովում տեղի է ունեցել ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ՌԴ Պետական Դումայի
Անկախ Պետությունների Համագործակցության գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի երրորդ համատեղ նիստը:
Facebook-յան իր էջում ԲՀԿ խմբակցության քարտուղար, հանձնաժողովի անդամ Վահե Էնֆիաջյանը գրել է, որ միջազգային դիվանագիտության փորձը բազմիցս ցույց է տվել, որ երկրների հարաբերությունների ամրապնդման և համագործակցության զարգացման գործում նմանատիպ հանդիպումները կարևոր խթան են հանդիսանում:
Եվ այժմ, երբ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր է, մեզ համար առավել քան կարևոր է նման հանդիպումների միջոցով խորացնել երկկողմանի կապը, որն էլ հերթին կնպաստի տարբեր ոլորտներում համագործակցության նոր ուղիների հաստատմանը.
«Հարցի արդիականության տեսանկյունից Հայաստանի համար նշանակալի էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ երկու երկրների՝ խորհրդարանական հարթակներում համագործակցության ծրագրերի քննարկումը:
Նիստի ընթացքում քննարկվեց նաև ԵՏՄ շրջանակում աշխատանքային միգրացիայի և ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժման հարցերը, և Ռուսաստանում հայկական մեծ սփյուռքը նկատի ունենալով՝ հարցը մեզ համար առանցքային նշանակություն ունի:
Նիստի ընթացքում վերոհիշյալ և մի քանի այլ հարցերի վերաբերյալ կընդունվի նաև համատեղ հայտարարություն, որը դիվանագիտական և տնտեսական հարաբերություններում մեծ առաջխաղացում և զարգացում է ենթադրում:
Հայտարարությունը նաև կոչ է անում Թուրքիային առերեսվել պատմական փաստերին, ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը:
Կողմերը ողջունեցին նաև ԵՏՄ շրջանակում ազատ առևտրի, ծառայությունների, ներդրումների և աշխատուժի ընդլայնումը:
Հավելեմ, որ նիստի ընթացքում օրակարգից դուրս քննարկում եղավ նաև Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով մեղադրյալ Պերմյակովի վերաբերյալ, և խորհրդանշական եմ համարում, որ վաղը երկկողմ պատվիրակությունն այցելություն է կատարելու Գյումրի»,- գրառել է պատգամավորը: