28/03/2015 12:08
Այս տարի ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու` 999 իրավախախտում
ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայողները երեկ՝ մարտի 27-ին, հերթական հատուկ միջոցառումն են անցկացրել, որի շրջանակներում միայն մայրաքաղաքում տարբեր խախտումների համար ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 63 տրանսպորտային միջոց, որոնցից 43-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում: Միջոցառումն իրականացվել է հանրապետության ամբողջ տարածքում. Գեղարքունիքում հարբած վիճակում մեքենա վարելու 20 իրավախախտում է արձանագրվել, նույնքան էլ՝ Լոռու մարզում:
Այս տարվա սկզբից մինչև մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու 999 իրավախախտում է հայտնաբերվել: Համեմատության համար նշեմ, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել էր 534 նման խախտում:
Ճանապարհային ոստիկանության նմանատիպ միջոցառումները շարունակական բնույթ են կրելու:
Վարորդներին հորդորում ենք զերծ մնալ ոչ սթափ վիճակում մեքենա վարելուց: Հիշեք. ճանապարհատրանսպորտային պատահարների մի գերակշիռ մասը հենց հարբած վիճակում մեքենա վարելու հետեւանք է: Մի վտանգեք ձեր, ձեր հարազատների, երթևեկության մյուս մասնակիցների կյանքը: Գրառումը` ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի էջից: