28/03/2015 14:02
Ճոյտի վիճակը ծայրահեղ ծանր է
Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) վիճակը իսկապես ծայրահեղ ծանր է և շտապ անհրաժեշտ է վիրահատություն: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Կարեն Սարդարյանը՝ հավելելով, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում նա չի կարողանում իր պաշտպանյալին տեսնել:
«Այո, ծայրահեղ ծանր է նրա վիճակը: Մենք համապատասխան քայլեր ձեռնարկել ենք արդեն, բայց ապարդյուն»,- ասաց նա՝ նշելով, որ արդեն համապատասխան միջամտական փաստատթղթերն ու բժշկական եզրակացությունները ներկայացվել են, թե՛ ՄԻՊ գրասենյակ և թե՛ Նուբարաշեն ՔԿՀ վարչության պետին, սակայն մինչ օրս որևէ պատասխան չկա:
Փաստաբանի հավաստմամբ՝ մարտի 23-ին Հակոբ Հակոբյանի առողջական վիճակի վերաբերյալ տրվել է վերջնական բժշկական եզրակացություն, ըստ որի՝ նրան անհրաժեշտ է շտապ վիրահատական միջամտություն:
«Նա ունի երիկամների լուրջ խնդիր և պետք է անհապաղ վիրահատության ենթարկվի: Նա հետազոտվել է ոչ միայն Դատապարտյալների հիվանդանոցում, այլև նրան են այցելել և հետազոտել այլ բժիշկներ»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ արդեն երկու շաբաթ է՝ Հակոբ Հակոբյանը չի կարողանում իր խցից դուրս գալ: