28/03/2015 12:58
Մարմնամարզություն. Հարություն Մերդինյանը և Արթուր Դավթյանը` աշխարհի գավաթակիրներ
Դոհայում ընթացող մարմնամարզության աշխարհի Գավաթի խաղարկությունում Հայաստանի մարմնամարզության հավաքականը 2 ոսկե, մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալ է նվաճել:
Նժույգաթափի եզրափակչում չեմպիոն է հռչակվել Հարություն Մերդինյանը 14.775 միավորով, երկրորդ տեղը զբաղեցրել է Խորվաթիան ներկայացնող Բարոն Մատիյան (14.6 միավոր), իսկ բրոնզե մեդալը բաժին է հասել Արթուր Դավթյանին (14, 525):
Հենացատկի մրցումներում Հայաստանի հավաքականի կազմում ևս մեկ ոսկե մեդալ է նվաճել Արթուր Դավթյանը, ցույց տալով 15,025 միավոր արդյունք: Բրազիլացի Դիեգո Իպոլիտոն (14, 662) և լատվիացի Վիտալիս Կարդասովսը (14, 312) զբաղեցրել են երկրորդ և երրորդ տեղերը:
Օղակների պայքարում Արթուր Թովմասյանը (15,425 միավոր) զիջել է միայն Օլիմպիական չեմպիոն, բրազիլացի Արթուր Զանետիին (15, 725) և արժանացել արծաթե մեդալի: Լավագույն եռյակը եզրափակել է ռումինացի Անդրեյ Մունտեան (15,325): Վահագն Դավթյանը 15, 275 միավոր արդյունքով զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը:
Դոհայի աշխարհի Գավաթի խաղարկությանը մասնակցում էին 37 երկրների 200-ից ավել մարմնամարզիկներ: