28/03/2015 13:23
Ձև՞ ենք թափում, թե՞ իրոք մտահոգված ենք. Կառավարությունն` ընդդեմ սեռի հատկանիշով բռնության
Այս շաբաթ Կառավարությունը միանգամից երկու կարևոր ծրագրի հավանություն տվեց, որոնք ուղղված են կանանց և տղամարդկանց միջև իրավահավասարության, ինչպես նաև միտված են կանխարգելել սեռի հատկանիշներով բռնության դեպքերը մեր երկրում: Իսկ որ դրանք բավականին մտահոգիչ թիվ են կազմում` փաստ է:
Ըստ այդմ, գործադիրը հավանություն տվեց «Սեռի հատկանիշով բռնության կանխարգելման» 2015 թվականի միջոցառումների տարեկան ծրագրի նախագծին, որն ուղղված է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում սեռի հատկանիշով բռնության երևույթի կանխարգելմանը: Ակնկալվում է, որ այն կնպաստի սեռի հատկանիշով բռնության կանխարգելմանն ուղղված բարեփոխված օրենսդրության, շահագրգիռ մարմինների սահմանված գործառույթների և համագործակցության մեխանիզմների ստեղծմանը, սեռի հատկանիշով բռնության երևույթն արտացոլող պետական տեղեկատվության հավաքագրման և բռնության ենթարկված անձանց աջակցության տրամադրման ընթացակարգերի ներդրմանը, երևույթի նկատմամբ հասարակության անհանդուրժողական վերաբերմունքի ձևավորմանը:
Նշենք, որ 2000 թվականից ի վեր Հայաստանում ընտանեկան բռնության տարածվածությունը գնահատելու նպատակով միջազգային և տեղական կազմակերպությունների կողմից անցկացվել են մի շարք ուսումնասիրություններ: 2008-2009թթ. ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի աջակցությամբ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունն իրականացրել է Հայաստանում կանանց հանդեպ ընտանեկան բռնության վերաբերյալ համապետական առաջին հարցումը: Պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ «իրենց կյանքի ընթացքում երբևէ զուգընկեր ունեցած հարցման ենթարկված կանանց 61.0%-ը ենթարկվել է վերահսկողական վարքի, 25.0%-ը ենթարկվել է հոգեբանական բռնության, 8.9%-ը ենթարկվել է ֆիզիկական բռնության, 3.3%-ը ենթարկվել է սեռական բռնության, իսկ 9.5%-ը ենթարկվել է ֆիզիկական և սեռական բռնության»:
Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ Կառավարությունը ձեռնարկել է մի շարք քայլեր, սակայն երկրում դեռևս ցածր է իրազեկվածությունը սեռի հատկանիշով պայմանավորված բռնության երևույթի, կանանց և տղամարդկանց իրավահավասարության խնդիրների մասին, առկա է քողարկված խտրականությունը կանանց հանդեպ, ինչպես նաև ընդհանուր հանդուրժողականությունը սեռի հատկանիշով բռնության զանազան դրսևորումների նկատմամբ։
Կառավարությունը գտնում է, որ անհրաժեշտ է քայլեր կատարել նպատակային ծրագրերի ստեղծման, իրավական դաշտի կատարելոգործման, տուժածներին մատուցվող ծառայությունների տրամադրման/որակի բարելավման, գործընկերային հարաբերությունների ուժեղացման, ինչպես նաև հիմնախնդրի լուծման գործում տղամարդկանց ու տղաներին ներգրավելու ջանքերի ընդլայնման միջոցով, իրականացնելով համապատասխան միջոցառումներ հետևյալ ուղղություններով.
ա) սեռի հատկանիշով բռնության կանխարգելման,
բ) սեռի հատկանիշով բռնության ենթարկված անձանց պաշտպանության,
գ) սեռի հատկանիշով բռնություն կիրառողների հետապնդման:
Նշենք, որ ծրագիրը «Ընդդեմ գենդերային բռնության 2011-2015 թթ. ռազմավարական ծրագրի» անբաժանելի մասն է կազմում: