28/03/2015 13:49
Ցրտահարության ռիսկ չկա, սակայն եղանակը միշտ էլ անկանխատեսելի է
Արարատյան դաշտում առաջիկա հինգ օրերին ցրտահարություն չի սպասվում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հիդրոօդերևութաբանական կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ հավելելով, որ սովորաբար ցրտահարության ռիսկերը միշտ էլ պահպանվում են մինչև ապրիլի 20-ը, թեև ներկայումս կարող են արձանագրել, որ օրեցօր ցրտահարության ռիսկը նվազում է:
Հիդրոլոգիայի կենտրոնի պետ Լևոն Ազիզյանը իր հերթին նշեց, որ թեև առաջիկա օրերին ջերմաստիճանը Արարատյան դաշտում կնվազի, սակայն հավաստեց, որ կգրանցվի 0-ից բարձր ջերմաստիճան, ուստի ցրտահարության վտանգը փոքր է:
«Սակայն եղանակն անկանխատեսելի է, եղել են դեպքեր, որ ապրիլի վերջին ցրտահարություն է գրանցվել»,- ասաց նա՝ հավելելով, որ առատ տեղումները բարենպաստ են գյուղատնտեսության համար: