30/03/2015 15:45
Բերձորում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պուրակ կլինի
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նախօրեին ներկա է գտնվել Բերձոր քաղաքում Երևանի պետական համալսարանի նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պուրակի հիմնադրմանը: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի մամուլի գրասենյակից:
Բակո Սահակյանը հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների, հայկական երկու հանրապետությունների մայր բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների և ուսանողների հետ մասնակցել է այնտեղ կազմակերպված ծառատունկին:
Նախագահը կարևորել է նման պուրակի առկայությունն Արցախում և նշել, որ դա Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը վառ պահելու ու հայրենի հողը շենացնելու յուրատեսակ մի ձև է՝ համոզմունք հայտնելով, որ այն կդառնա ուխտավայր գալիք սերունդների համար:
Միջոցառմանը մասնակցել են ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը, պաշտոնատար այլ անձինք: