30/03/2015 13:31
Հ. Դեմոյան. Պատրաստ ենք Թուրքիայում Ցեղասպանության վերաբերյալ ցուցադրություն անցկացնել
Մենք պատրաստ ենք Հայոց ցեղասպանության վերաբերյալ ցուցադրություններ անցկացնել նաև Թուրքիայում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն՝ ավելացնելով, երբ ստանանք ազդանշան, որ կա սրահ, ապահովում են անվտանգությունը՝ ցուցադրություններն անպայման կներկայացվեն:
Հայկ Դեմոյանի խոսքով՝ անցած տարվանից Թուրքիայի առաջադիմական շրջանակների հետ այս հարցով բանակցություններ են տարվում:
Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենն անդրադարձավ նաև աշխարհի տարբեր երկրներում բացվելիք ցուցադրություններին.
«Առաջիկայում երեք խոշորագույն ցուցահանդես է բացվելու Փարիզում, Կալիֆոռնիայում, Մեխիկոյում: Ապրիլի 29-ին Փարիզի քաղաքապետարանում բացվելու է «Հայաստան 1915. Փարիզ քաղաքը հյուրընկալում է Երևանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուն» խորագրով ժամանակավոր ցուցահանդես, որը կգործի մինչև հուլիսի 4-ը»,- ասաց Հայկ Դեմոյանը:
Նրա խոսքով՝ թանգարան-ինստիտուտն այս ցուցադրությանը ներկայացնելու է բացառիկ թանգարանային նմուշներ ու լուսանկարներ:
«Վստահ եմ, որ այն մեծ հետաքրքրություն կառաջացնի եվրոպացիների շրջանում: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուից այս ցուցադրության մեջ ընդգրկված է շուրջ 150 ցուցանմուշ, որոնց մեծ մասն առաջին անգամ են ցուցադրվում Հայաստանից դուրս»,- ասաց Հայկ Դեմոյանը՝ ավելացնելով՝ Փարիզի ցուցադրությանն առաջին անգամ ներկայացվելու է նաև ցեղասպանության վերապրած Ավրորա Մարդիգանյանի հավաքածուն: