30/03/2015 14:07
Հայկ Դեմոյան. Թանգարան-ինստիտուտի նորացված ցուցադրությունը կբացվի ապրիլի 24-ին
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նորացված ցուցադրության բացումը կլինի ապրիլի 24-ին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:
«Մոտ 2500 քառակուսի մետր նոր ցուցադրական տարածքի վրա իրականացվել է ահռելի աշխատանք: Օգտագործել ենք վերջին 7տարվա հավաքչական աշխատանքի արդյունքում ձեռք բերված հազարավոր նյութեր: Դրանց մի մասը ներկայացված կլինի բնօրինակով, մյուսները՝ տպագիր պաստառի ու մուլտիմեդիոն ցուցադրության տեսքով»,- ասաց Հայկ Դեմոյանը:
Նրա խոսքով՝ նոր ցուցադրության դիզայներական աշխատանքն իրականացվել է անվճար:
«Սա եղել է իմ որոշումը և իմ թիմը համաձայնվել է: Հրաժարվել ենք պարզ հիմնավորմամբ՝ չենք կարող մեծ գումար վաստակել մեր ողբերգությունը ներկայացնելու վրա»,- ասաց Հայկ Դեմոյանը:
Նա տեղեկացրեց, որ ապրիլի 3-ից թանգարանը փակ կլինի այցելությունների համար, որպեսզի նոր ցուցադրության վրա կատարվեն անհրաժեշտ վերջին աշխատանքները: