30/03/2015 14:28
Արևելագետ. Հայ-չինական հարաբերությունները դրվեցին նոր ռազմավարական գործընկերային հիմքի վրա
ՀՀ նախագահի Չինաստան կատարած այցով հայ-չինական հարաբերությունները դրվեցին նոր ռազմավարական գործընկերության մակարդակի վրա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արևելագետ Նաիրա Մկրտչյանն՝ ընդգծելով՝ այցը կարևոր էր ինչպես ստորագրած փաստաթղթերի, այնպես էլ Հայաստանն Ասիայում ճանաչելի դարձնելու առումով:
«Այսպիսի լեցուն օրակարգով ու բովանդակությամբ այցը, կարելի է ասել, վերջին շրջանում մեր արտաքին քաղաքականության լուրջ ձեռքբերումներից է»,- ասաց Նաիրա Մկրտչյանը:
Չինաստանում ստորագրված փաստաթղթերից արևելագետը հատկապես առանձնացրեց Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու ստեղծման գործում համագործակցության ամրապնդման հուշագիրը, ՀՀ կենտրոնական բանկի և ՉԺՀ ժողովրդական բանկի միջև հայկական դրամ-չինական յուան երկկողմ կարգավորումների մասին համաձայնագիրը, ատոմային էներգիայի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիրը, ՉԺՀ կողմից արտոնյալ վարկի տրամադրման, մաքսային գործերում համագործակցության և փոխօգնության, գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին պայմանագրերը:
Նաիրա Մկրտչյանն անդրադարձավ նաև այն կետին, ըստ որի չինական կողմը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի համակարտության խաղաղ և արդար կարգավորման օգտին՝ ՄԱԿ-ի Կանոնադրության հիմնական նպատակների ու սկզբունքների և միջազգային իրավունքների համընդհանուր ճանաչված նորմերի համաձայն:
«Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրեին շատ կարևոր է նաև հռչակագրի այն կետն, ըստ որի, կողմերը «մեծ նշանակություն են տալիս մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային ջանքերին, նշում են դրանց ժխտման անընդունելիությունը՝ հանդես գալով դրանց դատապարտման և պատմական ճշմարտության պահպանման օգտին» »,- ասաց արևելագետը: