30/03/2015 14:45
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ. Կարևոր է հասկանալ, թե որտե՞ղ է սկսվում և ավարտվում հանրային շահը
Ծաղկաձորում մարտի 28-ին և 29-ին ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի աջակցությամբ կայացել է ՀՀ քննչական կոմիտեի գործունեությանը, դերին և հիմնական առանձնահատկությունների ներկայացմանը նվիրված սեմինար:
Սեմինարի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը լրագրողներին ներկայացրեց կոմիտեի նորաստեղծ կայքը՝ նշելով, որ այս պահին դեռևս փորձարկման փուլում է և այնպես է կառուցված, որ հնարավոր լինի հետագայում այլ բաժիններ ևս ավելացնել: Կայքում հնարավոր է ոչ միայն իմանալ նորություններ, այլև ծանոթանալ օրենքներին և տեղեկատվություն ստանալու կարգին:
Քննարկմանը ներկայացվեցին քննչական մարմին-լրատվամիջոց աշխատանքի, նախաքննական գաղտնիքի հրապարակման վերաբերյալ մի շարք հարցեր:
Սեմինարի մասնակից ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, իրավագիտության դոկտոր Արթուր Ղամբարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ քննարկման ընթացքում ստացված տեղեկատվությունը օգտակար է ոչ միայն ԶԼՄ ներկայացուցիչներին, այլև կոմիտեի աշխատանքին, որպեսզի հստակեցնեն կոնկրետ քրեական գործերով խաղի կանոնները՝ հրապարակումներ կամ հաղորդումներ ներկայացնելու առումով:
«Մասնավորապես, քննարկվեցին նախաքննական գաղտնիքի սահմանի վերաբերյալ հարցերը: ԶԼՄ ներկայացուցիչների կողմից կոնկրետ հարցադրումների և քննարկումների ընթացքում հասունանում է այն հարցերի շրջանակը, որը հետագայում հնարավորություն կտա կարգավորել և սահմանագիծ նախատեսել, թե ո՞րտեղ է նախաքննական գաղտնիքը սկսվում և ավարտվում, ինչպես պետք է պաշտպանել քրեական գործերի մասնակիցների անձնական կյանքի անձեռմխելիությունը, տուժողների իրավունքները, այս բոլոր հարցերը կոնկրետ դեպքերով քննարկվեցին»,-ասաց նա:
Aysor.am-ի թղթակցի հարցին՝ մասնավորապես, այդ քննարկումների արդյունքում հաջողվե՞լ է վերհանել իրենց աշխատանքում առկա խնդիրներ, նա պատասխանեց.
«Այո, մասնավորապես, անհատական տվյալների պաշտպանության խնդիրը, քանի որ, եթե բացարձականացնենք որևէ շահը, կվնասնենք մամուլի ազատությանը: Սա կարևոր է հասկանալ, թե այս դեպքում որտե՞ղ է սկսվում հանրային շահը և ավարտվում: Ինձ համար սա գործնական տեսանկյունից նշանակություն ուներ, քանի որ քննչական կոմիտեն ուղեցույցների տպագրում է նախատեսում «Լրատվամիջոցների տեղը և դերը միջդատական վարույթում» թեմայով և որպեսզի այս հարցերը կարողանանք ճիշտ կերպով ներկայացնել, նման քննարկումները խիստ օգտակար են»: