30/03/2015 11:16
Առավելությունը պահելու համար պետք է ավելի հավասարակշռված խաղանք. Բերեզովսկի
Հայաստանի հավաքականի ավագ և դարպասապահ Ռոման Բերեզովսկին Ալբանիայից կրած պարտությունից հետո կարճատեւ զրույց ունեցավ armsport.am-ի հետ:
- Ռոման, ընտրական փուլում Հայաստանը չորրորդ ընտրական խաղն անցկացրեց և չորրորդ անգամ խաղավերջում ձախողվեց: Այս անգամ ի՞նչը խանգարեց հասնել դրական արդյունքի:
- Ամեն անգամ նույն սցենարն է կրկնվում: Անհաջողության ենք մատնվում վերջնամասում: Ինձ թվում է, որ պատճառը ֆիզիկական պատրաստվածությունն է:
- Ըստ Ձեզ` ի՞նչ է պետք անել ապագայում, որ այս չարաբաստիկ սցենարը դարձյալ չկրկնվի:
- Շատ ծանր պարտություն էր, բայց մենք դեռ պայքարելու ենք մնացած խաղերում, մինչև վերջ էլ պայքարելու ենք, բայց ինչ-որ բան պետք է փոխել, որ տղաները ֆիզիակապես այլ վիճակում լինեն խաղադաշտում, ոչ թե խաղի սկզբից ինձ խնդրեն, որ մի քիչ գնդակ պահեմ, ժամանակ սպանենք… դա նշանակում, որ ֆիզիկականի հետ խնդիրներ ունենք: Իսկ մեր թիմը մեծ պոտենցիալ ունի, ինչի ապացույցը Դանիայի, Սերբիայի և նույն Ալբանիայի հետ խաղերն են, որոնցում մենք ենք հաղթողի դերում եղել, բայց չենք կարողացել պահել առավելությունը: Առավելությունը պահելու համար պետք է ավելի հավասարակշռված խաղանք, ֆիզիկապես ավելի լավ պատրաստ լինենք:
- Երկրորդ գոլից հետո Դուք ինչ-որ բան էիք ցանկանում պարզել…
- Ուզում էի իմանալ, թե որքան ժամանակ է մնացել խաղի ավարտին:
Նշենք, որ նախօրեին Ալբանիա-Հայաստան խաղն ավարտվեց 2:1 հաշվով` հօգուտ Ալբանիայի: