30/03/2015 11:36
Գեղարքունիքի բուժհիմնարկներում թերություններ են հայտնաբերվել
Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված քննարկումը նվիրված էր ներհիվանդանոցային վարակների կանխարգելման միջոցառումների արդյունավետության ապահովման հետ կապված խնդիրներին: Քննարկումը, որին մասնակցում էին Գեղարքունիքի մարզի վեց բուժհաստատությունների տնօրեններ և ՀՀ առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող առողջապահական հիմնարկների ղեկավարներ և ներկայացուցիչներ, վարում էր Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը: Այս մասին տեղեկանում ենք մարզպետարանի պաշտոնական կայքից:
Քննարկումը հիմնականում անդրադարձել է ՀՀ Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ այս տարվա փետրվարին իրականացված ներհիվանդանոցային վարակների կանխարգելման հսկողության հետ կապված մոնիթորինգի արդյունքներին, որոնք կատարվել էին Մարտունու և Գավառի բժշկական կենտրոններում, Վարդենիսի և Սևանի հիվանդանոցներում, Ճամբարակի առողջապահության կենտրոնում ու Մարտունու ծննդատանը:
Քննարկման ընթացքում վերհանվել են ներհիվանդանոցային վարակների կանխարգելման միջոցառումներն ապահովելու, արձանագրված թերությունները շտկելու հետ կապված խնդիրները:
Գեղարքունիքի մարզի առողջապահական հաստատությունների տնօրենները նշել են, որ ակտում արձանագրված որոշ թերությունների հետ համաձայն են, որոշ հարցերի շուրջ ունեն առարկություններ, բայց ընդհանուր առմամբ ընդունել են դիտողությունները և ձեռնարկել թերությունների շտկման հետ կապված քայլերը, գտնելով, որ հաճախակի իրականացվող մոնիթորինգները զգաստացնում են իրենց, նպաստում ներհիվանդանոցային վարակների կանխարգելման կանոնների պահպանմանը և միջոցառումների արդյունավետության բարձրացմանը:
Քննարկումն ամփոփել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը. «Ներհիվանդանոցային վարակների կանխարգելումը կարևորագույն խնդիր է, որը ոչ մի դեպքում չպետք է աչքաթող անել, ինչը վկայում է վերջերս Քաջարանում տեղի ունեցած դեպքը՝ կապված «Հեպատիտ-c» հիվանդության բռնկման հետ:
Սա նշանակում է, որ մենք առաջին հերթին շեշտը պետք է դնենք համագործակցված աշխատանքի վրա:
Համոզված եմ, որ ՀՀ Առողջապահության նախարարության առողջապահական պետական գործակալության, առտողջապահական պետական տեսչության և «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» Գեղարքունիքի մարզային ստորաբաժանումների հետ համատեղ մենք կհասնենք արձանագրված թերությունների, արված դիտողությունների շտկմանը, կբարձրացնենք հիվանդությունների կանխարգելման արդյունավետությունը և կհասնենք շոշափելի արդյունքների»,-նշել է մարզպետի տեղակալը: