30/03/2015 16:47
Աննախադեպ նոր կրթական ծրագիր` ապագայի տեսլականով
Այսօր փոխըմբռնման քառակողմ հուշագիր է ստորագրվել ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՎիվաՍել-ՄՏՍ, «Սինոփսիս Արմենիա» և «Յունիքոմփ» ընկերությունների միջև: Փոխըմբռնման հուշագիրն ազդարարում է պետության և տեղեկատվական ու հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի խոշոր ընկերությունների միջև ռազմավարական համագործակցության մասին՝ ՏՀՏ կրթությունը Հայաստանում որակապես նոր մակարդակի հասցնելու նպատակով: Այս մասին տեղեկացնում են ԿԳՆ-ից:
Նշենք, որ փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունն ապահովելու է «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտական առարկաների ներդրումը, ինչպես նաև՝ մշակելու և հաստատելու է նշված մասնագիտական առարկաների առարկայական չափորոշիչները և ծրագրերը: Նոր ուսումնական պիլոտային ծրագիրը ՏՀՏ կրթության ոլորտում կներդրվի 2015-2016 ուսումնական տարվանից:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը մասնակցելու է «Հեռահաղորդակցության հիմունքներ» մասնագիտական առարկայի չափորոշիչների և ծրագրի մշակման գործընթացին, ինչպես նաև աջակցելու է ունենալու տվյալ առարկայի ուսուցիչների վերապատրաստմանը: Բացի այդ, ընկերությունը պատրաստակամ է ֆինանսավորելու «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների լաբորատորիաների ստեղծումը: Ընդհանուր առմամբ, ծրագրի իրականացման նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ը կներդնի շուրջ 70 միլիոն դրամ: «Սինոփսիս Արմենիա» ընկերությունն իր ներդրումը կունենա «Միկրոէլեկտրոնիկա» առարկայի չափորոշիչների և ծրագրի մշակմանը: «Յունիքոմփ» ընկերությունը կգործակցի «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկայի առարկայական չափորոշիչների և ծրագրի մշակմանը, ինչպես նաև կանցկացնի «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկայի ուսուցիչների վերապատրաստում: Ընկերությունը նաև կապահովի «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների լաբորատորիաների սպառազինումը և կստեղծի առանձին համակարգչային ցանցեր:
Փոխըմռնման հուշագրով նախատեսված է կրթական ծրագրի իրականացում թվով 5 ուսումնական հաստատություններում՝ Գյումրու «Ֆոտոն» վարժարանում, «Քվանտ» վարժարանում, Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցում, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Երևանի ավագ դպրոցում և Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցում: Ծրագրով նաև նախատեսված է «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների լաբորատորիաների ստեղծում: