31/03/2015 12:29
Գերմանական հեղինակավոր թերթը քննադատել է Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակը
Մարտի 27-ին «Frankfurter Allgemeine Zeitung» թերթում տպագրվել է Քրիստոֆ Բեքերի «Ինչու է ձերբակալվել իմ մայրը» վերնագրով հոդվածը` Բաքվում համաեվրոպական խաղերի անցկացման մասին` Եվրոպայի օլիմպիական հանձնաժողովին ուղղված քննադատությամբ:
Առաջին համաեվրոպական խաղերի բացումից 10 շաբաթ առաջ Human Rigts Watch կազմակերպությունը Գերմանիայի օլիմպիական սպորտային միության ներկայացուցչի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է նախագահ Իլհամ Ալիևի վարած ռեժիմի ներքո Բաքվում մարդու իրավունքների ոտնահարման հարցերին: Human Rigts Watch կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական
Ասիայի երկրների գծով պատասխանատու Հյու Վիլլիամսոնը նշված թերթի հետ հարցազրույցի ընթացքում նշել է, որ Բաքվում խաղերն անցկացնելու փաստն անգամ չի նպաստել Ադրբեջանի վարած քաղաքականության փոփոխմանը և իրավիճակն այժմ ավելի վատ է քան մեկ տարի առաջ: Վիլլիամսոնը հույս է հայտնել, որ Գերմանիայի օլիմպիական սպորտային միության ղեկավարությունն այդ հարցով
կդիմի Ադրբեջանի կառավարությանը, քանի որ հյուրընկալ երկիրը նաև պատասխանատվություն է կրում մարդու իրավունքների համար:
Վիլլիամսոնը շատ հիասթափեցնող է համարում այն փաստը, որ մինչ օրս ոչ մի այլ ազգային օլիմպիական հանձնաժողով քայլեր չի ձեռնարկել կապված Ադրբեջանում տիրող իրողության հետ: Գերմանիայի օլիմպիական սպորտային միությունը միակն է, որ խոստացել է մարդու իրավունքների ոտնահարման հարցով դիմել ադրբեջանական իշխանություններին:
2014թ. Ադրբեջանում ձերբակալվել են հայտնի լրագրողներ և մարդու իրավունքների պաշտպաններ, քաղաքացիական ակտիվիստներ, այդ թվում նաև Արիֆ Յունուսը և Խադիջա Իզմայիլովան: Բոլորովին վերջերս «Amnesty International» կազմակերպության կողմից հրապարակված տեսահոլովակում ձերբակալված Արիֆ Յունուսի դուստր Դինարա Յունուսը դիմում է նախագահ Ալիևին. «Պարոն նախագահ, կարող եք ինձ բացատրել` ինչու է ձերբակալվել իմ մայրը` և այս համատեքստում քննադատել է համաեվրոպական խաղերի անցկացումը Ադրբեջանում»:
Լրագրողների պաշտպանության հանձնաժողովի տվյալներով Ադրբեջանը լրագրողների ձերբակալության թվով երկրների ցանկում զբաղեցնում է 9-րդ տեղը: Թերթը նշում է, որ ազգային օլիմպիական հանձնաժողովի նախագահ Ալիևը օգտագործում է համաեվրոպական խաղերը` իր երկրի սպորտային և քաղաքական շահերն առաջ մղելու նպատակով: Կառավարությունն հոգում է համաեվրոպական
խաղերի բոլոր մասնակիցների ճանապարհածախսն ու կեցության ծախսերը: 2016թ. և 2020թ. օլիմպիական խաղերի անցկացման համար Բաքվի դիմումը մերժվել է միջազգային օլիմպիական հանձնաժողովի կողմից: Սակայն 2016թ. առաջին անգամ Բաքվում կհյուրընկալվի Formula 1-ը, իսկ ՈՒԵՖԱ-ն 2020թ. Բաքվում կանցկացնի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ փուլի հանդիպումը:
Անցյալ շաբաթ Ալիևն իր ելույթներից մեկում խոսել է «տարիներ շարունակ իր երկրի հանդեպ գործող քարոզարշավի» մասին, որը վերջինիս կարծիքով արտահայտվում է նաև ոչ կառավարական կազմակերպությունների քննադատությամբ: Հոդվածագիրը հեգնանքով մեջբերում է Ալիևի խոսքերը` Eurasianet.org կայքից. «Համաշխարհային քաղաքականությունն առաջնորդվում է ոչ թե միջազգային իրավունքի նորմերով, այլ հորինվածքներով, երկակի ստանդարտներով, խտրականությամբ, ազգայնամոլությամբ, իսլամատյացությամբ և այլատյացությամբ»: