31/03/2015 19:12
Բյուջեի մուտքերի առումով առայժմ լուրջ ռիսկեր չկան
Չնայած ձեւավորված բացասական սպասումներին, այնուհանդերձ առայժմ կարծես լուրջ ռիսկեր չկան պետական բյուջեի եկամուտների ապահովման առումով։ Տարեսկզբի երկու ամիսներին դրանք գրեթե համարժեք են եղել անցած տարվա մակարդակին։ Պաշտոնական տվյալներով, պետական գանձարան է մուտք եղել 158,8 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա ցուցանիշը զիջել է ընդամենը 0,3 տոկոսով։
Բյուջեի եկամուտների վրա բացասական ազդեցություն են ունեցել հիմնականում այլ աղբյուրներից ստացված մուտքերը։ Դրանք կրճատվել են գրեթե 50 տոկոսով՝ 11,7 միլիարդի դիմաց ստացվել է 5,9 մլրդ դրամ։
Փոխարենը՝ ավելացել են բյուջեի ներքին հարկային եկամուտները։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տարեսկզբի երկու ամիսներին հարկերն ու տուրքերն աճել են 3,5 տոկոսով, ինչը զգալիորեն գերազանցել է տնտեսական ակտիվության ցուցանիշը։ Ինչպես հայտնի է, հունվար-փետրվարին այն կազմեց 2,5 տոկոս։ Տնտեսական ակտիվության աճի համեմատ ներքին հարկային մուտքերի հավելյալ աճը վկայում է վարչարարության ակտիվացման եւ ստվերային տնտեսության ծավալների կրճատման մասին։
Մուտքերի բարձր աճ է գրանցվել հատկապես մաքսատուրքերի եւ ակցիզային հարկի գծով։ Եթե առաջինի հաշվին բյուջեի եկամուտների համալրումը նախորդ տարվա նկատմամբ ավելացել է 40,8 տոկոսով, ապա երկրորդի հաշվին՝ 33,6 տոկոսով։ Մաքսատուրքերի աճը պայմանավորված է հիմնականում Հայաստանի Եվրասիական տնտեսական միության անդամագրմամբ, ինչի հետեւանքով ավելացել են երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների մաքսային վճարները։
Տարեսկզբի երկու ամիսներին առանձին հարկատեսակների մասով գրանցվել է նաեւ մուտքերի անկում։ Մասնավորապես այդպիսի միտումներ են արձանագրվել ավելացված արժեքի հարկի դեպքում։ Նախորդ տարվա գրեթե 67 մլրդ դրամի դիմաց ԱԱՀ մուտքերը հունվար-փետրվարին կազմել են 63,7 միլիարդ։ Անկման վրա բացասաբար ազդեցություն են ունեցել որոշ գործոններ. Խոսքը մասնավորապես ներմուծման ծավալների կրճատման, ինչպես նաեւ նոր տնտեսական տարածքում այս հարկի հարկման ժամկետների եւ մեխանիզմների փոփոխության մասին է։
Նվազել են նաեւ շրջանառության հարկի մուտքերը։ Մի բան, ինչն ուղղակիորեն կապված է հարկման բեռի թեթեւացման հետ։ Ինչպես հայտնի է, անցած տարվա սկզբին շրջանառության հարկի դրույքաչափը կազմում էր 3,5 տոկոս։ Այն բանից հետո, երբ մասնակիորեն գործողության մեջ մտավ շրջանառության հարկի նոր օրենքը, հարկման դրույքաչափը 3,5-ից դարձավ 1 տոկոս։ Չնայած օրենքի որոշ դրույքներ հանվեցին կիրառությունից, այնուհանդերձ դրույքաչափը չփոխվեց։