31/03/2015 13:44
Զիդան. Տրամաբանական է, որ «Ռեալը» հետաքրքրված է Պոգբայի ծառայություններով
Մադրիդի «Ռեալի» երիտասարդական թիմի` «Ռեալ Մադրիդ Կաստիլյայի» գլխավոր մարզիչ, անցյալում հայտնի ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը հաստատել է մամուլում շրջանառվող այն տեղեկատվությունը, որի համաձայն` «Ռեալը» հետաքրքրված է «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի ծառայություններով:
«Երբ խոսքը Պոգբայի մասին է, տրամաբանական է, որ «Ռեալը» հետաքրքրված է այս ֆուտբոլիստի ծառայություններով: Նա մեծ պոտենցիալ ունի և կարող է զգալիորեն ուժեղացնել իր խաղը: Պոգբան երիտասարդ է և նրան լավ ապագա է սպասվում»,- Զիդանի խոսքը մեջբերում է «Marca»-ն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն` «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը խնդրել էր Զիդանին հանդիպել իր հայրենակցի հետ, ում ծառայություններով հետաքրքրված են մի շարք եվրոպական ակումբներ: Պերեսի նման վերաբերմունքից վիրավորվել էր Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան, ով զայրացել էր իրեն տեղյակ չպահելու և իր հետ չբանակցելու համար: Ռայոլան արդեն հայտարարել է, որ այնքան էլ կողմ չէ Պոգբայի` «Ռեալ» տեղափոխությանը: