31/03/2015 17:46
Տաղավարակռիվ Գ. Ծառուկյանի տոնավաճառում. Ո՞րն է ճշմարտությունը
«Դա լիովին սուտ տեղեկություններ են: Մարդիկ իրենց գումարով ընդամենը իրենց խանութներ են նորոգել և կահավորել»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Առինջ» առևտրի կենտրոնի տնօրեն Սամվել Հակոբյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե «Հրազդան» տոնավաճառից հեռացած առևտրականները խնդրի առաջ են կանգնել նոր այս տարածքում:
Նշենք, որ համաձայն մամուլի՝ այն առևտրականները, ովքեր դժգոհ էին «Հրազդանի» սեփականատեր, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի գնային քաղաքականությունից և որոնց Գագիկ Ծառուկյանը խոստացավ անվճար տաղավարներ տրամադրել «Առինջ» առևտրի կենտրոնում, որի բացումը տեղի կունենա ապրիլի 10-ին, 1 մլն դրամից ավելի գումար են վճարել այդ տաղավարների վերանորոգման համար: Ինչն էլ, ըստ հրապարակման, բողոքի ալիք է բարձրացրել:
Տնօրենը, սակայն, տեղեկացրեց, որ առևտրականները վճարել են այն գումարը, որը նախատեսված է տաղավարի կառուցման համար՝ 775 հազար դրամ, շատերը նույնիսկ որոշ մասն են գումարի վճարել, իսկ թե ներսում ի՞նչ կարգի վերանորոգում կանեն, ինչպե՞ս կկահավորեն, դուռ կդնեն կամ չեն դնի՝ դա իրենց անձնական ցանկությունն է. որևէ մեկը նրանց չի պարտադրում ծախս կատարել.
«Մարդիկ այժմ զվաղբած են իրենց խանութերի վերանորոգմամբ ու կահավորմամբ, բայց այդ 1 մլն դրամի մասին խոսակցությունները բոլորը սուտ են»,- նշեց Ս. Հակոբյանը:
Ինչ վերաբերում է նրան, թե տոնավաճառի բացումից հետո էլ մարդիկ ամսավճար են վճարելու, ապա դա, տնօրենի որակմամբ, չի համապատասխանում իրակաությանը, քանի որ այս պատմության դեռ ամենասկզբում պարոն Ծառուկյանը խոստացել է, որ երեք տարի առևտրականները կաշխատեն ավճար: Միակ ամսավճարը, որ նրանք վճարելու են, կազմում է 1390 դրամ՝ դա հավաքարարի, անվտանգության ու ավտոկանգառի ծառայության դիմաց գանձվող վարձն է: Եվ, ըստ Ս.Հակոբյանի, ուղղակի ծիծաղելի է հենց այդ ամսավճարից բողոքել, քանի որ երեք տարի անվճար են աշխատելու միանշանակ. դա քնարկման առարկա չէ նույնիսկ:
«Այս ամենը ի սկզբանե իրենց իմացել են, քանի որ բոլորի հետ պայմանագիր է կնքվել ու այս ամենը դրանում գրված է: Այսինքն ոչ մի նոր բան, առավել ևս՝ ծախս մենք ընթացքում առևտրականերին չենք ավելացրել»,- ընդգծեց տնօրենը:
Նա նաև նշեց, որ բոլոր 467 տաղավարները զբաղված են, ազատ տաղավար չունեն, թեև ցանկացողները շատ են, բայց տարածքը լրացել է: