31/03/2015 15:32
Գերմանացի ռեժիսորի՝ Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը կցուցադրվի Գերմանիայի առաջին ալիքով
Գերմանիայի առաջին ալիքով ապրիլի 21-ին ցուցադրվելու է գերմանացի ռեժիսոր դրամատուրգ, Քրիստիան Պապկենի Հայաստանի և Հայոց ցեղասպանության վերաբերյալ ֆիլմը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ք. Պապկեն ասաց, որ 45 րոպե տևողությամբ այս ֆիլմով ցանկանում է մեր երկրի առանձնահատկությունները ներկայացնել աշխարհին:
«Ֆիլմը կոչվում է «Հայաստան. ստվերների երկար ճանապարհ», երկրների ներկայացման ֆիլմերի շարքին է դասվում և լինելու է որպես այցեքարտ»,-ասաց նա՝ նշելով, որ Հայոց ցեղասպանության թեման առանցքային տեղ է զբաղեցնում այդ ֆիլմում:
Ք. Պապկենի խոսքով՝ այս տարի ամբողջ Գերմանիայում Հայոց ցեղասպանության զոհերի հարգման առնչությամբ մի շարք միջոցառումներ են իրականացվելու, վերջին օրը ցեղասպանագետների են հրավիրել, որոնք պարզաբանումներ կտան Հայոց ցեղասպանության վերաբերյալ, իսկ միջոցառումը կեզրափակի հայ օպերային հայտնի երգչուհիներից մեկը:
Անդրադառնալով «Մուսա լեռան 40 օրը» վեպին՝ նա ասաց, որ այն բավական հստակ կերպով ներկայացնում է հայ ժողովրդի ողբերգությունը և իրենք ծրագրել են 40 ժամվա ընթացքում վեպի շարունակական ընթերցում կազմակերպել 200 դերասանների կողմից:
Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կլաուս Կուզեմբերգը հատկանշական համարեց այն, որ միջոցառումները հատկապես Նյուրնբերգում են տեղի ունենալու, իսկ թուրք պաշտոնատար անձանց չեն հրավիրելու, քանի որ թիրախը տեղեկացվածությունը բարձրացնելն է: