31/03/2015 12:46
52 մլն դոլարի վարկը կուղղվի էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիության բարձրացմանը
Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը Հայաստանի «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավման ծրագրի» (ԷՀՑԲԾ) համար հաստատել է 52 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկը: Նոր ծրագիրը կբարելավի էլեկտրահաղորդման ցանցի հուսալիությունը և համակարգի կառավարումը՝ օժանդակելով երկրում բավարար էլեկտրամատակարարում ապահովելու կառավարության ջանքերին:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Համաշխարհային Բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլին ասաց, որ ծրագրի առաջին՝ «էլեկտրահաղորդման ցանցի ամրապնդում» բաղադրիչը, նպատակաուղղված է հիմնանորոգման տեսանկյունից ամենաբարձր առաջնահերթությունն ունեցող երկու հիմնական օբյեկտներին` կվերանորոգվի Աշնակի ենթակայանն ու Երևան ՋԷԿ-ը:
Աշնակ ենթակայանը շահագործման է հանձնվել 1983թ. և այդ ժամանակվանից ի վեր որևէ լուրջ հիմնանորոգման չի ենթարկվել: Հուսալի էլեկտրամատակարարմամբ ապահովելու իմաստով ենթակայանը կարևոր է Հայաստանի արևելյան և հյուսիս-արևելյան շրջանների սպառողների համար:
Լորա Բեյլին նշեց, որ Երևանի ջերմաէլեկտրակենտրոնի (Երևանի ՋԷԿ) ենթակայանը շահագործման է հանձնվել 1965 թ., և այդ ժամանակից ի վեր չի հիմնանորոգվել: Այդ պատճառով էլ, այն չափազանց կարևոր է երկրի բոլոր՝ 1040000 էլեկտրաէներգիա սպառողներին էլեկտրաէներգիայի բավարար և ցածր արժեքով մատակարարումն ապահովելու համար:
Երկրորդ՝ «էլեկտրաէներգետիկական համակարգի կառավարման բարելավում» բաղադրիչի շրջանակում նախատեսվում է հիմնել կարգավարական պահուստային կենտրոն, որը կտա համակարգի կառավարումը բարելավելու հնարավորություն: Մասնավորապես, այն կարևորվում է հատկապես առաջնային կարգավարական կենտրոնի (Երևանի կենտրոնում գտնվող) տեխնիկական կամ այլ պատճառներով խափանման դեպքում շարունակական կառավարումը և վերահսկողությունը ապահովելու տեսանկյունից:
Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը կազմում է 69 մլն 160 հազար ԱՄՆ դոլար, որից 17.16 միլիոն ԱՄՆ դոլարը կտրամադրի ՀՀ կառավարությունը: Համաշխարհային բանկը կտրամադրի 52 միլիոն ԱՄՆ դոլար ՎԶՄԲ վարկ, փոփոխական տոկոսադրույքով՝ 14.5 տարի արտոնյալ ժամկետով և 25 տարի մարման ընդհանուր ժամկետով:
1992 թ. Համաշխարհային բանկին և 1993 թ. ՄԶԸ-ին անդամակցելուց ի վեր ընդհանուր առմամբ Հայաստանին տրամադրվել է 2,118.730 միլիոն ԱՄՆ դոլար: