31/03/2015 15:40
Հարթակ` ՌԴ-ում գտնվող մեր հայրենակիցներին Հայաստանում աշխատանք փնտրելու համար
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալությունը` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ համատեղ մարտի 21-ին կազմակերպել էր առցանց աշխատանքի տոնավաճառ, որի ընթացքում հայաստանյան 20 ընկերություններ Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցներին ներկայացրել են իրենց աշխատատեղերը և առցանց շփվել այցելուների հետ:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկանում ենք, որ ՌԴ-ում գտնվող մեր հայրենակիցների համար Հայաստանում աշխատանք փնտրելու հնարավորություն տվող հարթակը առցանց տիրույթում կմնա մինչև ապրիլի 20-ը, որտեղ այցելուները կշարունակեն ծանոթանալ հայաստանյան ընկերությունների կողմից առաջարկվող աշխատանքներին:
Նշվում է, որ առցանց աշխատանքային տոնավաճառը վիրտուալ տիրույթում բացառիկ հնարավորություն է ընձեռում արտերկրում բնակվող և Հայաստանում աշխատանք փնտրող մեր հայրենակիցներին ծանոթանալ հայաստանյան աշխատաշուկային:
Աշխատանքի տոնավաճառի կազմակերպմանը ֆինանսապես աջակցել է ԵՄ-ն՝ «Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի շրջանակներում: Նախաձեռնության գործընկերներն են` ՀՀ ՏԿԱԻՆ միգրացիոն պետական ծառայությունը, «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը, Միջազգային միգրացիայի և զարգացման կենտրոնը (CIM), Վոքիվոլվ ընկերությունը: