31/03/2015 16:54
Տիգրան Քոչարյան. Հիմնադիր խորհրդարանի անդամների պահվածքը նմանվում է աղանդաբարո գործողության
Շատ զարմանալի է և նմանվում է Բարոն Մյունհաուզենի ցուցակին քաղաքական կազմակերպության հայտարարությունը, որ ապրիլի 24-ին` երեկոյան 18:00-ին, հեղափոխություն են անելու: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց տեղեկատվության անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը՝ անդրադառնալով «Հիմնադիր խորհրդարանի» հայտարարությանը:
Նրա խոսքով՝ այսպես շարունակվելու դեպքում «Հիմնադիր խորհրդարանի» մի մասը կհայտնվի ճաղերի հետևում:
Ասուլիսի մյուս բանախոս ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանի դիտարկմամբ՝ «Հիմնադիր խորհրդարանը» չունի քաղաքական օրակարգ:
Անդրադառնալով մարտի 28-ին Գյումրիի Թատերական հրապարակում հանրահավաքի ժամանակ կատարված դեպքերին՝ նա ասաց, որ եթե այն անտեսվեր, ապա չէր ունենա նման արձագանք, բայց մեր իշխանությունները բացառիկ շնորհք ունեն ժողովրդական որևէ աջակցություն չունեցող կազմակերպությանը հայտնի դարձնել, քանի որ Գյումրու հրապարակում երևի «50 հոգի մարդ կա, որոնցից 30 ոստիկաններ էին, մնացածն էլ տատիկներ ու պապիկներ»:
Տ. Քոչարյանի խոսքով՝ դա ցավալի դեպք է, հաշվի առնելով սադրիչների ու ոստիկանների քանակը, որը գերազանցում էր խորհրդարանի աջակիցների ու անդամների քանակը:
«Չեմ հասկանում՝ ինչո՞ւ են նրանց հետ կատարվում նման դեպքեր, կամ բախտ չունեն, կամ չգիտեմ: Այնպիսի տպավորություն է, որ նրանք սղոցում են այն ծառի ճյուղը, որի վրա նստած են, ժողովուրդը ասում է, մի արեք, ասում են, տեսեք, ժողովուրդը խուճապի մեջ է: Արձագանքներից տեսնում ենք, որ նույնիսկ Շանթի վրա են պիտակ դնում, որ ծախված է իշխանություններին: Ցավոք սրտի, դա նմանվում է աղանդաբարո գործողության»,-ասաց նա: